08  11  2018

Լուծարվեց պետական հիմնարկ, որը չէր գործում և կուտակում էր պարտքեր

Լուծարվեց պետական հիմնարկ, որը չէր գործում և կուտակում էր պարտքեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց։ Նման որոշում կառավարությունը կայացրեց նոյեմբերի 8-ի նիստում։

«Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Բաժնետոմսերն այժմ տնօրինում է պետական գույքի կառավարման վարչությունը։

Ըստ կանոնադրության՝ ընկերության գործունեության հիմնական տեսակն է եղել գյուղատնտեսական արտադրատեխ­նիկական սպասարկման կոորդինացումը և համակարգումը:

ՓԲԸ-ն ունի 3 անվանում հիմնական միջոց՝ Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում գտնվող շենքի տարբեր հարկերում գտնվող ընդհանուր 886.2 քառ.մ տարածք, 2 հատ տրանսպորտային միջոց և 75 անվանում ապրանքներ՝ հիմնականում 1998-2000 թվականներին ձեռք բերված պահեստամասեր, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշված են: Լրացուցիչ ակտով հանձնվել են նաև ընկերության հաշվեկշռում հաշվառված 9 հատ գրասենյակային գույք (2 հատ բջջային հեռախոս, 1 հատ բազկաթոռ, 2 հատ բազմացնող սարք՝ Canon i-sensys և MITA DS, 1 հատ տաքացուցիչ «Ուֆա», 1 հատ ցուցանակ, 1 հատ մետաղյա դուռ (տեղադրված) և 1 հատ ՀԴՄ էլան մինի), որոնք ունեն 0-ական հաշվեկշռային արժեք:

Ընկերությունն ունի 819,0 հազ. դրամ դեբիտորական պարտք, որն առաջացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 65ա հասցեում գտնվող ընկերության շենքի 2-րդ հարկից 52,9 քառ. մետր տարածքը վարձակալության հանձնելու հետևանքով: Գումարը ստանալու նպատակով հայցադիմում է ներկայացվել դատարան:

Ընկերության կրեդիտորական պարտավորությունները կազմում են 2310,8 հազ.դրամ, որից գույքահարկի գծով 2219.8 հազ.դրամ և 91.0 հազ.դրամ աշխատավարձի գծով:

Հաշվի առնելով այն, որ ընկերությունը երկար տարիներ գործունեություն չի ծավալում, զարգացման հեռանկարներ չունի, բացի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ու հաշվապահից այլ աշխատողներ չունի, և այն, որ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները, առաջարկվում է ընկերությունը լուծարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ