09 04 2024

Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն

Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն

Տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս համացանցում և հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։

Գրողների միությունից հայտնում են, որ ՀԳՄ նախագահության անդամները իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։

«Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվեց 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին հրավիրել  Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։

Նախագահության անդամները ընդգծեցին, որ ԳՄ անդամները՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի, հետևողական են լինելու ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ և չեն կասկածում, որ հասարակության լայն շերտերը, առավել ևս մտավորականությունը և մշակույթի մարդիկ լինելու են գրողների միության կողքին»,- նշում են Գրողների միությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ