ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ․ Տեր Խաժակ

13 Օգոստոսի, 2026

Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը գրել է.

«Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ հայ ժողովրդի հոգևոր Սահմանադրությունը․ Խորհրդածություն՝ ներշնչված Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապի խոսքերով։

Երբեք չեմ մոռանա 2016 թվականի հունիսի 25-ի այն հոգեպարար ու լուսավոր օրը, երբ Երևանի Հանրապետության հրապարակում, Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապի և Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ խորապես հուզիչ միջեկեղեցական խաղաղության արարողություն։ Հրապարակը լեցուն էր մարդկանցով, որոնք համախմբվել էին ուրախության, երկյուղածության և սպասման ոգով։ Հայաստանի նորագույն պատմության մեջ դա իսկապես բացառիկ իրադարձություն էր՝ աղոթքի, հոգևոր երաժշտության և հույս ներշնչող պատգամների մի յուրահատուկ համադրություն։

Իր հիշարժան պատգամում Նորին Սրբություն Ֆրանկիսկոս Պապն անդրադարձավ խաղաղության շնորհին և մեր ժողովրդի հոգևոր կոչմանը՝ առանձնահատուկ հիշատակելով Սուրբ Ներսես Շնորհալիին և Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ որպես Հայ Եկեղեցու և ամբողջ քրիստոնյա աշխարհի մեծագույն վկաների։ Նարեկացուն նա բնորոշեց որպես «Քրիստոսի պատգամած խաղաղության մեծ վկա և կերտող»։

Այս դժվարին օրերին, երբ մեր ժողովրդի սիրտը ծանրացած է, իսկ մեր տներում, ընտանիքներում և հասարակական կյանքում զգալի են տագնապը, անորոշությունն ու վհատությունը, առավել քան երբևէ մենք կարիք ունենք լույսի, խոհամտության և ներքին խաղաղության։ Եվ մենք ակամա դառնում ենք դեպի այն հոգևոր գանձերը, որոնք դարերի ընթացքում զորացրել ու պահպանել են մեր ժողովրդին։ Մեր մեծերի ամենաակնառու ու փայլուն ներկայացուցիչներից է Սուրբ Գրիգոր Նարեկացին, որին Ֆրանկիսկոս Պապը 2015 թվականին հռչակեց Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ։ Նրա «Մատյան ողբերգության» երկը Սրբազան Քահանայապետը պատկերավոր կերպով բնորոշեց որպես «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրությունը»։ Եվ հայ ժողովրդին ուղղված իր քաջալերանքի խոսքում ասաց. «Ամբողջ աշխարհը ձեր կարիքն ունի»։

Այս խոսքերը շատ ավելին էին, քան պարզապես հիշարժան մի արտահայտություն․ դրանք հայրական ճանաչման և հոգևոր հորդորի խոսքեր էին։ Ֆրանկիսկոս Պապը մեզ հիշեցրեց, որ մեր ժողովրդի իրական ուժը ոչ միայն մեր կրած փորձությունների և պատմական հիշողության, այլև դարերի խորքից եկող հոգևոր խորության մեջ է։ Մենք տառապանքին ծանոթ ժողովուրդ ենք, բայց միաժամանակ՝ աղոթքի, տոկունության և ներքին լույսի ժողովուրդ։

Մեզ համար Նարեկացին միայն մեծագույն սուրբ կամ քրիստոնեական գրականության վիթխարի դեմք չէ։ Նա մեր ժողովրդի հոգեհարազատ ձայնն է, որի մեջ մենք տեսնում ու ճանաչում ենք ինքներս մեզ և մեր հոգևոր ապրումները։ Նա մեզ սովորեցնում է, որ մարդու իրական արժեքը դրսևորվում է սրտի պարզության, խղճի արթնության և ապաշխարության անկեղծության մեջ։ Սակայն Նարեկացու խոսքը չի դատապարտում, այլ բժշկում է։ Նա վերահաստատում է, որ Աստծո առաջ անկեղծորեն կանգնող մարդը երբեք անհույս չէ։

Այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ են ոչ միայն արտաքին լուծումներ, այլև ներքին մխիթարություն։ Մենք պետք է միմյանց լսենք առավել համբերատարությամբ, փորձենք հասկանալ միմյանց տեսակետները և թույլ տանք, որ բարեսրտությունը առաջնորդի մեր խոսքը։ Անհրաժեշտ է վերականգնել հարգալից խոսույթը, մեր համատեղ կյանքում՝ փոխադարձ հանդուրժողականությունը, հասարակական ասպարեզում՝ ազնվությունը, իսկ մեր հոգու խորքում՝ աղոթքի հանդարտ ուժը։ Սրանք են այն հոգևոր դասերը, որ Նարեկացին շարունակում է մեզ փոխանցել իր բացառիկ մեղմությամբ և զորությամբ։

Երբ ասում ենք, որ Նարեկացին մեր «սահմանադրությունն» է, դա բառացիորեն չենք հասկանում։ Նկատի ունենք, որ մեր ժողովրդի կյանքը պետք է արմատավորված լինի խղճի մեջ։ Առանց խղճի ոչ մի օրենք չի կարող իսկապես առաջնորդել, իսկ առանց սիրո նույնիսկ ճշմարտությունը կարող է կորցնել իր ողորմածությունը։ Առանց ներքին նորոգության ոչ մի ժողովուրդ չի կարող լիովին վերագտնել իր ուժը։ Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ամուր հաստատություններ, այլև բարի ու հավատարիմ սրտեր, ոչ միայն հրապարակային խոսք, այլև աղոթք, ոչ միայն պահանջներ ուրիշների հանդեպ, այլև պատասխանատվություն՝ սեփական անձի և խղճի առաջ։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, մեր ժամանակի խորագույն կարիքներից մեկը թերևս սա է՝ կրկին սովորել հոգով ապրել։ Մենք պետք է նորից սովորենք ցավով ընդունել մեր սխալները, ներողություն խնդրել, երբ վիրավորել ենք միմյանց, լռել, երբ խոսքերն այլևս չեն ծառայում բարուն, աղոթել, երբ մեր ուժերը սպառվում են, և հուսալ, երբ ամեն ինչ խավար է թվում։ Այս ճանապարհին Նարեկացին մնում է մեզ համար վստահելի, գթառատ և լուսավոր առաջնորդ։

«Աշխարհը ձեր կարիքն ունի»՝ Ֆրանկիսկոս Պապի այս խոսքերը ոչ միայն մեծարանքի արտահայտություն են, այլև համոզմունք։ Աշխարհը մեր կարիքն ունի ոչ միայն այն պատճառով, որ մենք հինավուրց ժողովուրդ ենք կամ շատ ենք տառապել, այլ որովհետև մենք դեռ ունենք աշխարհին փոխանցելու և նրա հետ կիսելու արժեքներ՝ հավատքի անսասանություն, հարուստ մշակույթ, գեղեցիկ և անկրկնելի լեզու, ընտանիքի ջերմություն, աղոթքի զորություն և բացառիկ տոկունություն։ Սակայն այդ արժեքները լիարժեքորեն դրսևորվում են միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս ներքուստ կենդանի ենք, և մեր խիղճը՝ արթուն։

Թող Նարեկացին չմնա միայն գրքերում կամ հանդիսավոր հիշատակումներում։ Նրան ընդունենք մեր տներում և սրտերում, որպեսզի նրա աղոթական ձայնը մեղմացնի մեր հոգիները, պայծառացնի մեր մտքերը և մեր քայլերը դարձնի ավելի հաստատուն։ Երբ մարդու սիրտը նորոգվում է, նրան շրջապատող իրականությունն էլ սկսում է փոխվել։
Աղոթենք, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին բարեխոսի մեր ժողովրդի համար, և Աստված մեզ պարգևի խաղաղ սրտեր, գթառատ ոգի և իմաստուն միտք։ Թող մեր ժողովուրդը, իր կրած բոլոր վերքերի հանդերձ, երբեք չկորցնի ո՛չ հավատը, ո՛չ արժանապատվությունը և ո՛չ հույսը։

Թող Նարեկացին լինի մեր սրտերի լույսը, տկարության պահերին՝ մեր զորությունը, իսկ անհանգիստ օրերին՝ մեր առաջնորդը։ Եվ թող մեր ժողովուրդը, Աստծո շնորհով, վերագտնի ներքին խաղաղությունը, նորոգված միասնությունը և կենդանի հույսը»։

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...