Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհը արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման․ Հակոբ Տեր Խաչատուրյան

24 Հունիսի, 2025

ՀՀ իշխանության կողմից ծրագրված և իրագործվող Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը, ազգային բարերարների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականությունը, ՀՅԴ-ի ու ընդիմադիրների հանդեպ հալածանքը, Սփյուռքի դերի նսեմացման արշավը անցել են բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցին հայրենիքի և աշխարհասփյուռ ազգի հիմնասյուներից է և կրոնական հանգամաքից զատ՝ հայկական էության անաղարտ պահպանման էական խարիսխներից է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավորումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակործան դիտավորություն: Եկեղեցու դեմ արշավը նշանակում է հարվածել հայ ժողովրդի միասնությանը և խարխլել պետականության հիմքերը։ Խիստ մտահոգիչ է, որ այս արշավը իրականացվում է Ադրբեջանի պետական և կրոնական ղեկավարների կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորման զուգահեռ՝ նույնատիպ բառապաշարով և ուղերձներով, այն դեպքում, երբ մեր եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ակտիվ աշխատանք են իրականացնում հայ գերիների ազատ արձակման, Արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության և վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Եկեղեցու դեմ արշավը ընդլայնելով՝ թիրախ են դարձել նաև նրա կողքին ամուր կանգնած ականավոր հայեր և ազգային բարերարներ, որոնք հստակորեն տեսնում են ՀՀ վարչախմբի հալածանքների քաղաքականության վտանգները։ Ցայտուն օրինակն է վերջերս ձերբակալված Սամվել Կարապետյանի կամայական և անօրինական կալանավորումը, որն ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է։ Պարոն Կարապետյանը Հայ եկեղեցու և Հայ դատի նվիրյալ պաշտպաններից է, ով խոսքից այն կողմ՝ իր գործով և ներդրումներով աջակցել է հայ ժողովրդին ու Հայ դատի պայքարին։ Ակնհայտ է, որ սա վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է՝ հասարակությանը և ազդեցիկ անհատներին լռեցնելու համար, որպեսզի վերջիններս չարտահայտեն իրենց դիրքորոշումը ազգային հարցերում։

Բազմիցս անդրադարձել ենք քաղաքական այլախոհության նկատմամբ հալածանքներին, ժողովրդավարության նահանջին և խոսքի ազատության խախտումներին Հայաստանում։ Ազգային ուժերի, ընդհանրապես՝ ընդդիմադիրների, և հատկապես ՀՅԴ գործիչների թիրախավորումը, խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության մեջ վախի մթնոլորտ տարածելու հերթական փորձ է, ինչը հատուկ է բռնապետական վարչակարգերին։

Այս ամենին զուգահեռ թիրախավորվում է նաև Սփյուռքը, հատկապես՝ դրա կազմակերպված կառույցները։ Ազգային տեսլականից զուրկ ՀՀ իշխանությունները ջանում են լռեցնել Սփյուռքից հնչող լուրջ մտահոգությունները ՝ արհամարհանքով ու ապատեղեկատվությամբ։ Սակայն Հայաստանի ճակատագիրը միայն ՀՀ քաղաքացիների գործը չէ, այն ամբողջ հայության մտահոգությունն է։

Այսօր մեղսակից լռությունը կարող է հանգեցնել մեր ազգային արժեքների կորստին և բռնատիրական պետական քաղաքականության ամրապնդմանը։ Ոչ մի հայրենասեր սփյուռքահայ իրավունք չունի մերժելու իր պատասխանատվությունը՝ լուռ հետևելով, թե ինչպես են պետական լծակներն ուղղվում մեր հոգևոր, բարեգործական և ընդդիմադիր կառույցների դեմ։

Իշխանության այս ներհայրենական և ներազգային քանդող քաղաքականությունը հարված է նաև Հայաստանի պետականությանը։ Անընդունելի է, որ այս ճգնաժամային շրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը հարցականի տակ են դնում անգամ հայրենիքի գոյության իրավունքը, Հայաստանի իշխող խումբը հատուկ ջանքերով շարունակի տանել այն քաղաքականությունը, որն ուղղված է հայ ժողովրդի պառակտմանը, վախի և սարսափի մթնոլորտի տարածման միջոցով ամեն տեսակ տարակարծության լռեցմանը և բռնապետական մեթոդներով ժողովրդավարության ու մարդկային տարրական իրավունքների ոտնահարմանը։

Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհը արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...