Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության. Քահանայաց Ժողով

26 Մայիսի, 2026

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Առաքելական քարոզչությամբ հաստատված Հայոց Եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս՝ զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը, նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթությանն ու դաստիարակությանը և Տիրավանդ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։
Հայոց Եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և Եկեղեցին, ըստ էության, ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական և հակասահմանադրական այս արշավն ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաև հայոց պետականության հիմքերին։
Միաժամանակ, խիստ դատապարտելի ենք համարում կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ հականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ ենք ուղղում մեր եղբայրներին՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։
Գոհություն ենք հայտնում առ Աստված, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։
Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։
Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։
Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ։

Նմանատիպ նյութեր

Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան

  «Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում։ Այդ ժամանակ գործընթացների մեջ ներգրավվեցին այդ տարիների ՀԿ-ները, Երկրապահ կամավորականների միությունը ու գոռում էին՝ «Մանվե՛լ»։ Զուգահեռաբար Երկրապահի շենքում սկսեցին հավաքվել,...

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ անհամաձայնություն կա․ Euractiv

ԵՄ երկրները կարող են համաձայնության չգալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ առանձին սահմանափակումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, հայտնել է Euractiv պորտալը։ «Դեսպանները պատրաստվում են հերթական բարդ փոխզիջմանը, երբ խոսքը հասնի Ռուսաստանի դեմ...

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական...

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում, շոգի ալիքի ֆոնին, մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը․ 12 մարդ է զոհվել Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ Բեդար բնակավայրի (Ալմերիա նահանգ) տարածքում...

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...