Եթե Փաշինյանն ընդունի Ալիևի պահանջը՝ վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում, դա կնշանակի ՀՀ-ի վերջը․ Սասունյան

28 Հունվարի, 2026

Վերջին ամիսներին բազմիցս հղումներ են արվում թուրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի 2019 թվականին Երևանում հրատարակված կարևոր հայերեն գրքին։ Այն վերնագրված է՝ «Մուսթաֆա Քեմալ․ պայքարը Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1921 թվականներին»։

Գիրքն այժմ արժանացել է առանձնահատուկ ուշադրության, քանի որ արժեքավոր տեղեկությունների շարքում ​​ներկայացվում է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուհթարի կողմից 1920 թվականի նոյեմբերի 8-ին Արևելյան ռազմաճակատի (Հայաստանի սահման) բանակի գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին ուղարկված ծածկագրված հեռագրի տեքստը։ Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակվել է Ստամբուլում 1960 թվականին, Կարաբեքիրի «Մեր անկախության պատերազմը» գրքում։

Դոկտոր Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այս փաստաթուղթն արտացոլում է Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալի (հետագայում հայտնի որպես Աթաթուրք) դիրքորոշումը և չէր կարող գրվել առանց նրա հատուկ ցուցումների և հաստատման։ Մուհթարը նշել է, որ «այս գաղտնի հրամանը պարունակում է [թուրքական] կառավարության իրական նպատակը»։ Բացի այդ, Քեմալը 1920 թ․ փետրվարի 5-ին կոդավորված հեռագիր է ուղարկել Կարաբեքիրին՝ հրահանգելով նրան նախապատրաստվել Հայաստանի վրա հարձակմանը։

Այս պատմական փաստաթղթի արժեքն այն է, որ 1920 թվականին թուրքական կառավարության թշնամական դիրքորոշումը զարմանալիորեն նման է նրա ներկայիս դիրքորոշմանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ապշեցուցիչ զուգահեռներ են նկատվում այն հարցում, թե ինչպես էր Թուրքիան դիտարկում Հայաստանն անցյալում և ինչպես է վերաբերվում այսօր։ Նման համեմատական վերլուծությունը կարևոր է նաև Ադրբեջանի ղեկավարության մտածելակերպը հասկանալու համար, որը Թուրքիայի «կրտսեր գործընկերն» է։ Գաղտնի փաստաթուղթն անմիջականորեն առնչվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերին՝ ստորագրելու «Խաղաղության պայմանագիր» նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այն համոզմամբ, թե նման թղթի կտորը կարող է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։

Այնքան ահարկու զուգահեռներ են նկատվում 1920 թվականին գրածի և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Հատուկ ընդգծել եմ թուրքական գաղտնի փաստաթղթի այն հատվածները, որոնք մեր օրերում ևս նույնքան չարագուշակ են․

«Կասկած չկա, որ Հայաստանի զինադադարի առաջարկն այս պահին, երբ նա մեկուսացված է և՛ արևմտյան, և՛ արևելյան աշխարհներից, նպատակ ունի խուսափել վրա հասնող աղետից: Ուժեղանալուն պես Հայաստանը, բնականաբար, կաշխատի իրականացնել Սևրի պայմանագրով իր վրա դրված Արևելքի հետ մեր կապը կտրելու պարտականությունը, ինչպես նաև հույների հետ համատեղ կխաթարի մեր կյանքն ու զարգացումը: Անհնարին է, որ Հայաստանը, որը գտնվում է մեծ մահմեդական շրջանակի կենտրոնում, այդ դաժան ժանդարմի պարտականությունից սրտի համոզմունքով հրաժարվի և որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի և իսլամականության հետ: Այդ պատճառով, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի: Դրա հետ մեկտեղ, քանի որ այդ նպատակի իրականացումը կախված է մեր հզորության ընձեռած հնարավորությունից և ընդհանուր քաղաքական իրադրության բարենպաստությունից, ապա անհրաժեշտ է վերևում նշված կարևոր նախապայմանների համաձայնեցված նախապատրաստում: Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն: Սակայն իրականում նրանց արդյունքը պիտի լինի մեր նպատակի աստիճանաբար նախապատրաստման ու հասունացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը»:

«Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը և բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձևով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երևալու պայմանով»:

«Այսօր Ձեզ ուղարկված զինադադարի պայմանների առաջին կետով սահմանի վերաբերյալ հանրաքվեի սկզբունքի ընդունումը բխում է Հայաստանի հետ սահմանների վերջնական որոշմանը խոչընդոտելու ձգտումից: Կարող եք ժամանակավորապես ընդունել Բրեստ Լիտովսկի սահմանի գիծը, քանի որ նպատակ է դրված այդ հարցում հայերի ձեռքից նախ և առաջ սահմանի վերաբերյալ գրավոր առաջարկ ստանալ և այդպիսով խոչընդոտել բանակցությունների փակուղի մտնելուն: Սակայն անհրաժեշտ է հարատև միջամտության համար հող նախապատրաստել` սահմանի մյուս կողմում մնացող մահմեդական փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պատրվակով: Պիտի պայմանագրի մեջ մտցնել կետեր, որոնք կապահովեն հնարավորինս արագ թշնամու ձեռքից զենքի բռնագրավումը և նրա բանակի զորացրումը: Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել քայլ առ քայլ տարածաշրջանի թուրքերին զինելու և ազգային զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ: Նրանք պիտի կապեն միմյանց հետ Արևելքն ու Արևմուտքը և դարձնեն Ադրբեջանը ինքնուրույն թուրքական պետություն»:

Կան մի շարք մտահոգիչ նմանություններ 1920 թ․ թուրքական փաստաթղթում արտահայտված թշնամական մտադրությունների և այսօրվա իրավիճակի միջև․

1․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք «Խաղաղության պայմանագիրը» չի խանգարի նախագահ Ալիևին իր բազմիցս հայտարարած մտադրությունն իրականացնելուց՝ ներխուժելու և գրավելու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, որը նա կոչում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ալիևի չարամիտ մտադրության լավագույն ապացույցը նրա մշտական սպառնալիքներն են, որոնք պահանջում են Հայաստանից անվերջ զիջումներ։ Որքան Նիկոլ Փաշինյանը բավարարում է Ալիևի ցանկությունները, այնքան Ալիևի պահանջներն ավելանալու են։

2․ Եթե Փաշինյանն ընդունի Ալիևի պահանջը՝ վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում, դա հավանաբար կնշանակի Հայաստանի Հանրապետության վերջը։ Ալիևը կարող է ամենափոքր պատրվակն օգտագործել իր զորքերը Հայաստան ուղարկելու համար՝ իբր իր հայրենակից ադրբեջանցիներին պաշտպանելու նպատակով։

3․ 1920 թվականի փաստաթղթում նշված՝ «մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանի հետ կապող բոլոր ճանապարհները» հղումը նման է «միջանցքի» ներկայիս պահանջին, որն արտացոլում է Թուրքիայի դարավոր ձգտումը դեպի «Թուրանի ճանապարհ»՝ կապելու Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունները Թուրքիայի հետ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3,740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական...

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ևս մեկ անգամ է պարգևավճար բաժանել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով`...

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին

Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային...

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ...

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարևոր քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են իսրայելական...