Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում։ Այս մասին երեկ՝ մարտի 16-ին, Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյան։
«Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛ Գյումրի, արի՛ ներկայացիր գյումրեցիներին։ Հայաստանի թիվ մեկ թալանչին եկել էր Գյումրի ու թալանից էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, արցախցիներից, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք՝ մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ՝ ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, ջրամբարներ։ Ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից։ Ու էս թալանչին խոսում է թալանի՞ց, ամո՛թ «Քաղաքացիական պայմանագրին», ամո՛թ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։