2026 թվականին Երեմյան ընկերությունների խումբը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է բազմաճյուղ համակարգ՝ ընդգրկելով հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտները։

Կանգնած լինելով Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ ընկերությունը սկզբից ի վեր ունեցել է հստակ նպատակներ՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և դիրքավորել Հայաստանը աշխարհի գաստրոքարտեզին։ Այսօր արդեն ընկերության ռեստորաններում ներկայացված են ավելի քան 1000 ուտեստներ, ստեղծվել է 150-ից ավելի նոր ուտեստ, ընկերությունը սպասարկել է 15 միլիոն հյուր և ընդունել 7 միլիոն զբոսաշրջիկ։

Հյուրընկալության ոլորտում ընկերությունը ներկայանում է 18 ռեստորանով՝ 13 հայեցակարգով՝ հայկական, տարածաշրջանային, եվրոպական, իտալական, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներով, սթեյքհաուսով և արագ սննդի ցանցով։ Բարձրակետը համարվում է Ռենոմե ռեստորանը՝ հայկական բարձր հեղինակային միակ խոհանոցով։

«20 տարի՝ սիրով Հայաստանին» խորագրով հոբելյանական տարին մեկնարկեց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի մամուլի ասուլիսով։
«Մեզ համար մշտապես կարևոր է եղել արժեքներ ստեղծելը, մեր հյուրերին բարձր որակով ներկայանալը։ Չունենք մի նախագիծ, մի ռեստորան, մի ուղղություն, որտեղ միտք դրված չլինի։ Բարձր որակը, պատասխանատու գործելաոճը, մեր սպառողների հետ ազնիվ լինելը եղել են այն սկզբունքները, որոնցից մենք չենք շեղվել։ Մեր ընկերությունների խումբը մարդկանց, մեր մեծ թիմի, մեր ստեղծած արժեքների մասին է»,- ասուլիսի ընթացքում իր խոսքում նշել է Դավիթ Երեմյանը։

2019 թվականից ընկերությունը զարգացնում է նաև գյուղատնտեսական ուղղությունը՝ «Սերմից՝ սեղան» նորարարական հայեցակարգով։ Վայոց ձորում և Լոռու մարզում գործող երկու գյուղատնտեսական համալիրներում իրականացվում է ամբողջական փակ շղթա՝ սերմից մինչև պատրաստի արտադրանք։ Մշակվում է 1200 հեկտար հող, տարեկան ստացվում է 50 հազար տոննա կեր, արտադրվում է 28 միլիոն լիտր կաթ և 500 տոննա միս։ Գործում է ժամանակակից կաթնամթերքի գործարան, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում, ինչպես նաև մանկական և Ա կարգի կաթի վկայականներ։

Մասնագիտական կրթության ոլորտում 2019-ին հիմնադրված Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան արդեն ունի ավելի քան 2500 շրջանավարտ։ Մշակվել է 70-ից ավելի դասընթաց՝ խոհարարության, հրուշակագործության, հյուրանոցային գործի և մենեջմենթի ուղղություններով։ Որակյալ կրթության մասին էլ խոսում է շրջանավարտների 90% զբաղվածությունը։
Այսօր Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն և հարկատուն է՝ ունենալով 2600 աշխատակից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևանում և Հայաստանի 6 մարզերում։

20 տարվա ընթացքում ընկերությունը գրանցել է 2 Գինեսի ռեկորդ՝ աշխարհի ամենամեծ գաթան և 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի օգտագործումը, որպես գյուտ գրանցել է չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտները, իսկ յուրաքանչյուր կոնցեպտ վերածել է հայկական բրենդի։
Երեմյան ընկերությունների խումբը սոցիալապես պատասխանատու բիզնես է՝ իրականացնելով կրթական, մշակութային և հանրային ծրագրեր՝ Կաթի համաշխարհային օրվա նշումից մինչև դպրոցականների այցեր գործարան և ոլորտային ֆեստիվալներ։

20 տարիների ընթացքում ստեղծվածը միայն բիզնես չէ։ Դա համակարգ է, արժեք, մշակույթ և պատասխանատվություն՝ Հայաստանի նկատմամբ։






