ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները եւ այդ ամենում հայկական կողմին մեղադրելը, ԱԳ փոխնախարարն ասաց․ «Անցած տարի, նախանցած տարի բազմաթիվ են նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում։ Հիմա, իհարկե, ունենք շատ կարեւոր գործիք, դա ԵՄ դիտորդներն են, որոնք արձագանքեցին։ Միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որեւէ դրական գործընթացի»։
Հարցին՝ եթե դիտորդները սահմանից հետ քաշվեն, ո՞ւր կգնան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում։ Այս մանդատը երկու տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք, եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ կան։ Անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։