Ես բավականաչափ մեծ եմ՝ հիշելու համար 90-ականների մութն ու ցուրտը, պատերազմը, դժվարությունները, բոլոր այն զոհողությունները, որոնց գնացել են մեր մեծերը անկախություն կերտելու համար, բայց միևնույն ժամանակ նաև բավականաչափ երիտասարդ եմ հասկանալու համար այսօրվա աշխարհը, արհեստական բանականության, գլոբալ փոխկապվածության արագ և անդադար զարգացող և փոփոխվող աշխարհը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հետաքրքիր է, որ ես ունեմ և՛ 20 տարեկան ընկեր, և՛ 60 տարեկան ընկեր, և այս իմաստով, որոշ առումով ինձ նաև կամուրջ եմ զգում այս ամենի միջև: Հատկապես վերջին տարիներին մեր երկրում խոսույթը կարծես ավելի շատ գոյատևման մասին լինի: Մեզ փորձում են համոզել, որ ուժեղ երկիրը այն երկիրն է, որը ավելորդ աղմուկ չի բարձրացնում և զիջում է իր արժանապատվությունը քարտեզի վրա աննկատ գոյատևելու համար: Ես արմատապես մերժում եմ դա:
Կարծում եմ, որ ուժեղ երկիրը այն երկիրը չէ, որ պարզապես գոյատևում է և ոչ թե պարզապես իր երկրի սահմանները պաշտպանում, այլ պաշտպանում է նաև իր քաղաքացու արժանապատվությունը։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որի քաղաքացի լինելով դու կարող ես ճանապարհորդել աշխարհով մեկ, ամեն տեղ հանել քո անձնագիրը և զգալ բացարձակ հպարտություն, ոչ թե խղճահարություն կամ անհանգստություն, այլ հարգանք»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։





