Որքան է ուսուցիչների իրական աշխատավարձի չափը. 300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում 8.5%-ը. Fip.am

18 Դեկտեմբերի, 2025

Սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ՝ 400.000-ից մինչև 500,000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500.000-ից մինչև 600,000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600.000-ից մինչև 700.000 դրամ, և 2 ուսուցիչ՝ 700.000 դրամ և ավելի վարձատրություն»,- նոյեմբերի 6-ին Կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է fip-ը:

Նա նաև հավելել էր, թե նախարարի հետ քննարկման ընթացքում ճշգրտել է, որ այն, ինչ անում են այդ երկու ուսուցիչները և ինչի արդյունքում ստանում են 700․000-ից ավելի վարձատրություն, արդյոք ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, ինչին ի պատասխան ստացել է հավաստիացում, որ այդ ամենը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է վարչապետի հնչեցրած հայտարարության հետքերով և փորձել պարզել՝ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների հարաբերակցությունն ու տոկոսային բաշխվածությունը` ըստ մարզերի,

700․000 դրամ և ավելի ստացող ուսուցիչների վարձատրության ձևավորման հնարավոր հիմքերը։

Ինչպե՞ս է ձևավորվել 2 ուսուցչի՝ 700․000 դրամ և ավելի վարձատրությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) FIP.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ վարձատրության առավելագույն չափով՝ 700 հազար դրամով վարձատրվող երկու ուսուցիչները դասավանդում են ինֆորմատիկա առարկա։ Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, միևնույն ժամանակ ունեն 4-րդ աստիճանի տարակարգ, այսինքն՝ ուսուցչի որակավորման չափանիշ, ինչպես նաև ստանում են 25% ԲՏՃՄ (բնագիտական ուղղվածության առարկաների համար-խմբ․) լրավճար։ Երկուսն էլ ունեն առավելագույն՝ 1․5 դրույքաչափի ծանրաբեռնվածություն։

Համադրելով ԿԳՄՍ-ի կողմից տրամադրված վերոնշյալ տվյալները` փորձել ենք հաշվարկել նրանց վարձատրությունը։

1) Կամավոր ատեստավորում (90-100% արդյունք)

Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N596-Ն որոշմամբ` «սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով     200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը։ 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, և հավելավճարը տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով»։

Այսինքն՝ կամավոր ատեստավորման արդյունքում, 1․5 դրույքի դեպքում՝

վարձատրությունը կլինի 300.000 դրամ,

50% հավելավճարը՝ +150.000 դրամ

2) 4-րդ աստիճանի տարակարգ

Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է ամսական հավելավճար՝ 4-րդ աստիճանի տարակարգի համար՝ 50%։

Կամավոր ատեստավորված և 1․5 դրույք ունեցող ուսուցչի դեպքում 4-րդ աստիճանի (50%) հավելավճարը կկազմի 150.000 դրամ։

3) 25% ԲՏՃՄ լրավճար

Այս կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

Այս դեպքում՝ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորում անցած է և ունի 1․5 դրույք, ապա 300.000 դրամ դրույքաչափի նկատմամբ ԲՏՃՄ 25%-ը կազմում է 75.000 դրամ։

Այս հաշվարկով ընդհանուր վարձատրությունը կազմում է մոտ 675․000 դրամ։ Սրան կարող են գումարվել նաև մեթոդմիավորման կամ հարակից այլ պարտավորությունների համար նախատեսված վարձատրությունները։

Ի դեպ, վարչապետի կողմից նշված 700․000 դրամ և ավելի վարձատրությունը վերաբերում է կեղտոտ աշխատավարձին՝ հարկերը ներառյալ։

ԿԳՄՍ-ն՝ 700.000+ վարձատրության նախապայմանների մասին

FIP.am-ը ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ նախապայմանների դեպքում է հնարավոր ստանալ 700.000 և ավելի վարձատրություն (մասնավորապես՝ ինչ դրույքաչափ, առարկայական մասնագիտացում, տարակարգ, ստաժ կամ այլ չափորոշիչներ)։

Նախարարության կողմից ուղարկված ընդհանրական պատասխանում նշված է․ «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման նպատակով գործում են ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց միաժամանակյա կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին շուրջ 700.000 կամ ավելի չափով վարձատրություն ստանալ»։

Քանի որ նախարարությունից հստակ տվյալներ չեն տրամադրել, թե հատկապես որ նախապայմանների (օրինակ՝ որ տարակարգի, ատեստավորման քանի տոկոս արդյունքի և այլն) համադրման դեպքում է հնարավոր ստանալ վերոնշյալ 700.000 դրամը, մեր ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել նախարարության նշած խրախուսման ծրագրերի առանձին ուղղություններով տրամադրված և բաց հարթակներում հասանելի թվային տվյալները։

1) Հերթական և կամավոր ատեստավորում

Ըստ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության՝ Հայաստանի դպրոցներում ներկայումս աշխատում է 36.818 ուսուցիչ։

Դեկտեմբերի 4-ին կայացած Կառավարության նիստում, խոսելով կամավոր ատեստավորման ցուցանիշներից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021-2025 թվականների տվյալներով՝ արդեն իսկ 9.200 ուսուցիչ կամավոր ատեստավորված է։ Այն կազմում է ուսուցիչների շուրջ 25 տոկոսը։

Ատեստավորման արդյունքում՝

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով,

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 40 տոկոսի չափով,

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 30 տոկոսի չափով,

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, աշխատավարձը պահպանվում է առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի,

5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:

2) Տարակարգ

Ներկայումս տարակարգ ունի 1.247 ուսուցիչ, ինչը կազմում է գործող ուսուցիչների շուրջ 3.5 տոկոսը։

Առաջին աստիճանի տարակարգ ունի 178 ուսուցիչ (հավելավճար՝ 10%)։

Երկրորդ աստիճանի տարակարգ ունի 210 ուսուցիչ (հավելավճար՝ 20%)։

Երրորդ աստիճանի տարակարգ ունի 250 ուսուցիչ (հավելավճար՝ 30%)։

Չորրորդ աստիճանի տարակարգ ունի 118 ուսուցիչ (հավելավճար՝ 50%)։

3) ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների   վարձատրության բարձրացված չափաքանակ

Այս մոտեցումը վերաբերում է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում հետևյալ առարկաներ դասավանդող ուսուցիչներին՝

«Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։

Ընդ որում, սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանում աճել է զոհերի թիվը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 593 մարդ, ևս 10 990-ը վիրավորվել է։ Թարմացված տվյալները հրապարակվել են շաբաթ օրը, հաղորդել է CNN-ը։ Ավելի վաղ նույն օրը...

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ...

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին,  տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰...