Իրանացի փորձագետ Փույա Հոսսեյնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և հատկապես` Սյունիքի դեմ` “Զանգեզուրի միջանցք ” կեղծ և դավադիր ծրագրի միջոցով։
Հայաստանի հանդեպ այս վտանգի առաջին իսկ օրերից առ այսօր` Իրանը, շատ հստակ, տարածաշրջանային և արտատարածաշրջանային բոլոր խաղացողներին խիստ զգուշացրել է իր կարմիր գծերի մասին, այն է` տարածաշրջանում գեոպոլիտիկ և սահմանային փոփոխության անթույլատրելիությունը։
Իրանը իր կարմիր գիծը համարեց նաև Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և էթնիկ փոփոխության խախտումը որևէ կողմից։ Ադրբեջանին, Թուրքիային և նրանց ետևում կանգնած ուժերին Իրանի զգուշացումը ոչ միայն խոսքի ու հայտարարության տեսքով էր. երկու անգամ Իրանը կանխեց պատերազմի վտանգը Սյունիքի դեմ, երբ Իրան ֊Հայաստան և Իրան֊Ադրբեջան սահմանի երկայնքով երկու լայնածավալ զորավարժություն արեց:
Երկրորդ զորավարժությունը հարձակողական ձևաչափ ուներ. իրանական տանկերը զորավարժության ընթացքում շարժական կամուրջով անցան Արաքս գետը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանեց Իրանի գլխավոր զսպող դերն ու ազդեցությունը` Զանգեզուրի միջանցքի չկայացման մեջ։
Իրանը իր տարածքում կառուցեց Ադրբեջանը Նախիջևանին կապող ավելի բարեկարգ և հարմարավետ ճանապարհ, որպեսզի զսպի Ադրբեջանի նկրտումները Սյունիքի հանդեպ և Զանգեզուրի միջանցքի մասին նրա զառանցանքները։
Որոշ ժամանակ անց Կովկասում միանգամից հայտնվեց նոր պրոեկտ` Ադրբեջանը Սյունիքի տարածքով Նախիջևանին կապող, և Թուրքիան միջինասիական պետություններին կապող… Այս անգամ նոր անվանումով և ավելի ճոխ ու գայթակղիչ փաթեթավորված տեսքով, ԱՄՆ հովանավորության ներքո` ԹՐԻՓ կամ Թրամփի ուղի անվանումով։
Այս նախագծի քաղաքական շրջանառման առաջին իսկ օրից Իրանը հայ գործընկերներին ներկայացրեց իր խիստ մտահոգությունները` այս նախագծի բովանդակության ու թաքնված դավադիր նպատակների մասին։ Իհարկե, պաշտոնական Երևանը պարբերաբար փորձեց և փորձում է Իրանին հանգստացնել, որ այս նախագիծը չի խախտելու Իրանի կարմիր գծերը, այդ թվում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման մասով, նաև` բացառում է այս նախագծի Իրանի ազգային անվտանգության դեմ լինելը։
Պաշտոնական Երևանի Իրանի մտահոգությունները փարատելու փորձը անբավարար է Իրանի համար, որովհետև վաշինգտոնյան այս համաձայնագիրը ԹՐԻՓ նախագծի և խաղաղության վերաբերյալ ունի երեք կողմ.
Ինչքան էլ Իրանը կարողանա վստահել պաշտոնական Երևանին, անհնար է վստահել եռակողմ համաձայնսգրի մյուս կողմերին։ Խոսքը Միացյալ Նահանգների և Ադրբեջանի մասին է, ովքեր պարբերաբար խախտել և խախտում են միջազգային պայմանագրեր և օրենքներ, հարմար պահի անտեսելով դրանք և ագրեսիվ ոտնձգություններ կատարելով սուվերեն երկրների դեմ` ըստ իրենց վատ վարկանիշի։
Թրամփի ուղու գլխավոր շահառուներից մեկը այս պահին գտնվում է պատերազմի մեջ հարևան Իրանի հետ։ Թրիփ նախագծի շրջանակում Միացյալ Նահանգները բերվում և տեղադրվում են Իրանի սահմաններից մի քանի կիլոմետր այս կողմ, քառասունիննը տարվա բացառիկ հնարավորություններով, բազմաթիվ անվտանգային ռիսկերով Իրանի և տարածաշրջանի համար։
Իրանի դեմ պատերազմ սանձազերծած երկրին փափուկ ուժի Իրանի սահմանների մոտ տեղավորվելը և մյուս կողմից Իրանին խոսքով հանդարտեցնելը, թե ԱՄՆ երկարաժամկետ ներկայությունը իր դեմ չի` համատեղելի և համոզիչ չի։
Իրանի դեմ վերջին երկու պատերազմներում` ԱՄՆ֊ն Իրանի հարևան երկրների տարածքներում իր բոլոր հնարավորությունները օգտագործել է Իրանի դեմ։
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին բազմիցս հայտարարություններ և զգուշացումներ է արել այդ հարցով.
15 դեկտեմբերի, 2025թ.
Վելայաթին Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կովկասի վերաբերյալ այսպես կոչված «Թրամփի նախագիծը» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան։
Նա ընդգծել է, որ այս նախագիծը պայմաններ է ստեղծում Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության համար և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։
9 օգոստոսի, 2025թ.
«Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցից.
Անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Նախիջևանը Բաքվին կապող երթուղին «99 տարով վարձակալության տալու» Թրամփի նախագծին՝ Վելայաթին ասել է.
«Մի՞թե Հարավային Կովկասն անտեր տարածաշրջան է, որ Թրամփն այն վարձակալության վերցնի»։
Վերջին օրերին նաև Իրանի ԱԳՆ խոսնակն է անդրադարձել այս հարցին, ինչը ցույց է տալիս, որ Իրանի մտահոգությունը ոչ թե նվազել է, այլ ավելի է խորացել։
Իրանի դեմ վերջին պատերազմից հետո` Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս հաստստվել է այլ իրականություն, որի հետ Իրանի բոլոր հարևան երկրները ուշ թե շուտ պիտի հաշվի նստեն։
Իրականությունը այն է, որ ԱՄՆ֊ ն չի կարող ու ի վիճակի չի խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում, ինչպես չկարողացավ իր ռազմավարական դաշնակիցների` Պարսից Ծոցի արաբական պետությունների և Իսրայելի անվտանգությունը երաշխավորել և պահպանել։ Նա անզոր էր անգամ պահպանել իր ռազմաբազաների անվտանգությունը։ Եվ Հորմուզի նեղուցի բացման հարցով օգնություն էր խնդրում ՆԱՏՕ֊ից ու այլ երկրներից։
Միացյալ Նահանգները անհաջողակ են եղել ոչ միայն տարածաշրջանային երկրների անվտանգությսն ապահովման, այլև նրանց տնտեսական զարգացման հարցում, ինչպես Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում։
Ավելին, Միացյալ Նահանգների ներկայությունը նշված երկրներում, և նրանց տարածքների օգտագործումը Իրանի դեմ` պատերազմ բերեց այս երկրների գլխին` իր բոլոր կարճաժամետ և երկարաժամկետ, անվտանգային և տնտեսական հետևանքներով։
Ցավոք, Իրանի հարևան երկրները, պատերազմից առաջ և հետո, շարունակում են անտեսել Իրանի անվտանգային խնդիրները, անտեսում են նաև Իրանի խնդրանքներն ու զգուշացումները, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ եթե Իրանի անվտանգությանը որևէ բան սպառնա իրենց երկրի տարածքից, ապա նույն սպառնալիքը նաև վերաբերելու է իրենց, քանի որ տարածաշրջանի անվտանգային համակարգը մի մարմին է և չի կարող համարվել որևէ մի երկրի ներքին գործ կամ քաղաքականություն։
Այս անվտանգային համակարգը չի կարելի անպատասխանատու ձևով խարխլել։
️Իրանի դեմ վերջին պատերազմը ապացուցեց, որ ոչ մի երկիր տարածաշրջանում ի զորու չի վերահսկել ԱՄՆ֊ի ագրեսիվ պահվածքն ու գործունեությունը և երաշխավորել, որ կարող է զսպել ԱՄՆ֊ին։
Միացյալ Նահանգներն աշխարհում միջազգային օրենքներից դուրս ինչ ուզում անում է. ոչ մի պայմանագիր, ոչ մի համաձայնություն, ոչ մի օրենք ու կոնվենցիա չի հարգում։ Երբ իրեն պետք է` լրիվ այլ դեմք ու կեցվածք է ընդունում։
Սրանք հիմնավորումներ են, որոնք շրջանցելու դեպքում` պաշտոնական Երևանը ինչքան էլ փորձի Իրանին ԹՐԻՓ նախագծի անվտանգ լինելու մասին համոզի` չի կարող ԱՄՆ֊ի փոխարեն և ԱՄՆ֊ի ապագա դրսևորումների վերաբերյալ երաշխավորել։ Այդ իսկ պատճառով, ԹՐԻՓ նախագիծը հնարավոր է ոչ թե խաղաղություն բերի տարածաշրջանին, այլ նոր մարտահրավերներ և շահերի բախումներ աշխարհի ուժային կենտրոնների ու գերտերությունների միջև, այս անգամ` Հայաստանի տարածքում։
ԹՐԻՓ նախագիծը, որը միմյանց է միացնելու թուրքական աշխարհի տարբեր պետությունների, և առաջին հերթին ծառայում է հենց իրենց շահերին` հանրությանն է ներկայացվում որպես հրաշք֊նախագիծ, որին համադրել են խաղաղությունը, անվտանգությունը և տնտեսական թռիչքային զարգացումը։
Իսկ ով հարցեր ունենա, առողջ ու բանական քննադատություն կամ կասկած ունենա ԹՐԻՓ նախագծի վերաբերյալ` հավասարվում է հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության ու տնտեսական զարգացման չուզեցողի կերպարի հետ…
Իրանը բազմիցս նշել է, որ միանշանակ աջակցում է իրական խաղաղությանը, Հայաստանի զարգացմանն ու անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը, և Իրանին կայուն, զարգացող, հուսալի և անվտանգ Հայաստան է պետք։
️Հայաստանում որպես առաջնահերթ օրակարգ պետք է ընկալվի “Պարսից Ծոց ֊ Սև Ծով” մեգանախագիծը, որը Հայաստանին կդարձնի միջազգային կարևոր տրանզիտ և էներգետիկ հանգույց` Եվրոպան և Ասիան միմյանց կապող, որը Հայաստանի համար կբերի իրական անվտանգություն, տնտեսական թռիչք, խոշոր ներդրումներ և այլ ձեռքբերումներ։
Իրանի մտահոգությունները իր ազգային անվտանգության և տարածաշրջանի անվտանգային միջավայրի վերաբերյալ` լուրջ են։ Եվ դրանք անտեսելով առաջ գնալը խնդրահարույց ու ռիսկային է։





