ՔՊ-ական պատգամավոր, նախկինում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որի կառավարման շրջանում հազարավոր մահեր ունեցանք, Սփյուռքի հայրենակիցներին գրել է՝ «Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման և մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել և իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա»։ Ու հարց է տալիս՝ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր ապրողները Հայաստանում ապրողներին իրավունք ունե՞ն պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։
Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետք է հարևանների հետ լավ հարաբերություն ունենալ, լավ ապրել, խաղաղ ապրել, չլինել բլոկադայի մեջ։ Էսքանը Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Բայց միայն այդքանը, ու այդտեղից հետո սկսում է բուն մանիպուլյացիան։ Քննարկման հարց է՝ արդյո՞ք սփյուռքահայերը իրավունք ունեն պահանջներ ներկայացնելու, եթե այստեղի քաղաքացի չեն, եթե թողել-գնացել են այլ երկրում են հարկեր մուծում, իսկ Հայաստանում ապրողներն են կրում նեղությունները մաշկի վրա, իսկ եթե գնացել են էնտեղից ստեղ փող են ուղարկում, ներդրում են անում, իսկ եթե նաև քաղաքացի են, իսկ եթե զուտ պարզ ու անկախ ամեն ինչից հայ են, ապրում են այն ամենով, ինչով մենք ենք ստեղ ապրում․․․ Այդ դեպքում, առնվազն, սփյուռքահայերը իրավունք ունեն թե՛ պահանջելու, որ իրենց շահերը չդավաճանեք, որպես Հայաստանի իշխանություն, իրենց սերունդների արդար պայքարը չդավաճանեք։ Ու ՔՊ-ականը սփյուռքահայերին վերաբերող նման գրառում անելու առնվազն բարոյական իրավունքը չուներ, թեկուզ նրա համար, որ՝ Նիկոլը հեղափոխությունից հետո գնացել էր Լոս Անջելես ու միտինգ էր անում, խոստումներ էր տալիս հայրենիքի, հայրենիքում ապրողների մասին։ Էդ Սփյուռքն էր գումար հանգանակում, որ էստեղ ուղղեիք պատերազմին, ՔՊ-ն մտցնում էր բյուջե ու պատերազմի ժամանակ Արցախ մեկնող ՔՊ-ականներին գործուղման գումար տալիս։ Դե հիմա, մարդիկ էլ նստում ու ասում են իրենց պատկերացրածը․ թե՞ միայն իրավունքը ունեն ձեզ գովալու, այ քննադատելը՝ ոչ։ Իրականում, դա միայն սփյուռքահայերը չեն, այն քննադատությունները, որ տալիս են Սփյուռքից, դրանից շատ ավելի ուժգին այստեղ կան ու ամեն օր, էնպես չի, թե Թորասյանի տրամադրությունը դրանից փոխվում է։
Լավ, էս սաղ մի կողմ․ ՔՊ-ականն ասում է՝ ինչքան էլ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ։ Հիմա առաջարկում եմ անկեղծանալ ու ասել՝ խնդիրն իրապես այն չէ՝ ինչքան է քննադատում-պահանջում Սփյուռքը, անգամ խնդիրն այնտեղ չէ, թե ինչ աքսիոմատիկ տարբերակներ է ներկայացնում․ խնդիրն այն է, որ դուք ինչ ասել եք, լրիվ հակառակն եք արել, մարդիկ ձեզ չեն վստահում, մարդիկ ասում են՝ հրաժարական տվեք ու կորեք մեր աչքերից, անտանելի եք, դուք, ձեր ամենից գոհ դեմքները, ձեր լցված թշերը, ձեր ձայները, ձեր ստերը, անդադար ստերը, մարդիկ ասում են, եթե անգամ ճիշտ բան ես ասում, դու՛, այո, հենց դու՛ Արսեն, ի վիճակի եք հակամարտությունը սրելու փոխարեն այն վերացնել, արժանապատիվ խաղաղություն հաստատել, սահման բացել, ժողովրդին կոչ անել թշնամությունը հաղթահարել և բարիշել։ Էն խաղաղ տեղը եկաք-չեկաք պատերազմ բերեցիք, զարգացող Արցախը, մեկ էլ հիշեցիք ինչոր 90-ականների թուղթ, թե բա՝ Ադրբեջանինն ա, թողեցիք Ալիևը հայաթափ անի, նստեցիք տաք տեղներդ, մատնը մատին չտվեցիք, հիմա էլ, թե՝ հեռվից մեզ մի քննադատեք, մենք էստեղ նեղության մեջ ենք։ Այդ նեղություն բերողը հենց դուք եք բա, բա ի՞նչ անեն, որ ձեզ չասեն, ու՞մ ասեն, Քոչարյանի՞ն, Լևոնի՞ն, Դեմիրճյանի՞ն։ Ամբողջ խնդիրը սա է։ Նախկինում հակամարտութունը չի լուծվել, բայց չի սրվել, չնչին բացառություններով։ Աշխարհում հազար ու մի նմանատիպ հակամարտություն կա, սառեցված․ է մեկն էլ սա է, եկաք, սադրեցիք, հրահրեցիք, հիմա էլ թե՝ հեշտ է հեռվից քննադատելը։ Մարդիկ ասում են՝ դուք նախընտրական ծրագրում գրել եք Արցախի ինքնորոշման ճանաչում, Շուշիի, Հադրութի հետ բերում, խաղաղության դարաշրջան, արե՞լ եք, չե՛ք արել։ Ինչի՞։ Չե՞ք ուզել, իբր շատ եք ուզել, բա ի՞նչն է պատճառը, անեի՛ք, պահեի՛ք․ ի՞նչ է Սփյուռքը կամ ներսի՞ց են խանգարե՞լ։ Ոչ ու ոչ․ ոչ մեկ էլ չի խանգարել, թողել են աշխատեք, գցել եք ոտքներիդ, մեզ էլ հետը․ չեք կարողացել, որովհետև բացի մոլորեցնելուց այս ժողովրդին, ուրիշ այլ բանի ընդունակ չեք։ Փաստը դա է։
Իհարկե, ո՛չ մենք՝ էստեղի բնակչությունը, ոչ մեր Սփյուռքի հայրենակիցները, չենք ուզում շրջափակում ունենալ, տնտեսական վնասներ կրել, ռազմական բախում, ուզում ենք հարաբերությունների կարգավորում, բայց հարց՝ իսկ ինչի դուք կարողանալու՞ եք դա ապահովել։ 7 տարի իշխանության եք, տեսել ենք լրիվ հակառակը՝ ձեր արած ամեն բան բերել է հակամարտության խորացմանը, ասածներն էլ բերել է պատերազմի, բռնգաղթի, զիջումների, հանձնումների, բայց ոչ երբեք՝ կարգավորման։ Նիկոլն ինչ-որ լիքը բաներ է ասել, էլ ասում է՝ պատերազմը խաղաղության համար է լինում, էլ եսիմինչ։ Այ ընկեր, երեք պատերազմի եք բերել, ո՞ւր է խաղաղությանը։ Ինչքան որ ձեր գոռալով Արցախը դարձավ Հայաստան, նույն կերպ էլ ձեր գոռալով, ստորագրելով խաղաղություն է լինելու։ Ժողովուրդ ջան, ես կուզենամ, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ոչ թե լինի փշալար կամ բարձր պատ, այլ Պորտուգալյան ու Իսպանիան իրար կապող 6 մետր երկարությամբ ու 1,5 մետր լայնությամբ կամրջից։ Շատ լավ կլինի։ Բայց դա միայն կենաց է։ Ինչպես որ կենաց է ձեր ասած ամեն ինչ, մենակ սահմանը չէ։
Ասում եք՝ գնանք Եվրամիություն, եվրոպական շուկա։ Սուքիասյան Խաչատուրն է ասում՝ սաղ աշխարհը ձգտում է Եվրոպայի հետ առևտուր անել։ Լավ եք ասում, բայց Խաչատուր Սուքիասյանը, որպես խոշոր գործարար, ի՞նչ է կարծում, Պապոյան Գևորգն էն պաշտոնյան է՞, էն խելքը, ուժն ու ռեսուրսն ունի՞, որ դա անի, կազմակերպի ու իրականացնի։ Ոչ մեկ չի խանգարում, որ գնաք Եվրոպա, ո՛չ ներսից, ո՛չ դրսից, բա գնացեք ինտեգրվեք, մեզ էլ ձայն տվեք՝ գանք։ Կարո՞ղ եք։ Էլի շատ լավ գաղափար է Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, սերտացումը, հատկապես հիմա։ Ռուսաստանի հետ անվտանգային ինտեգրում, ձրի զենք, էժան գազ, փող, մեծ շուկա։ Էդ սաղ, պատկերացրեք՝ կար, եկաք, համը հանեցիք։ Կարո՞ղ եք վերականգնել։ Չեք կարող։ Պարոն Թորոսյան, այո, առաջարկում եմ անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ։ Էս սաղ ձախողումների պատճառը, նաև էդ չկարողանալն է։
Ամերիկայի հետ ռազմավարական ինչ-որ թուղթ էիք ստորագրել, կարո՞ղ եք Ամերիկայի հետ հարաբերությունները հասցնել էդ փաստաթղթի մակարդակի։ Աղմուկ է, թե ԱՄՆ-ն զենք է ուղարկում, որ Հայաստանում զորավարժություն անի։ Դուք կարո՞ղ եք հասնել նրան, որ ասենք, էդ զենքերը Հայաստանում մնան, կարո՞ղ եք էդ ռազմավարական գործըկերությամբ էնպես անել, որ վիզաները դյուրացնեն։ Չեք կարող։ Երկրիս ղեկավար կոչվածը, գնում հասնում է ԱՄՆ, նոր ռազմավարական գործընկեր է, փոխնախագահն է միայն մի սելֆի անում հետը ու վերջ։ Ամոթից գետինն ենք մտնում․ դուք սփյուռքի հայերին ասում եք մի քննադատի՞։ Դուք միայն խոստացել եք, ասել եք, բայց չեք արել, ցույց եք տվել ձեր կատարյալ անկարողությունը։ Լավ բան ասելը այլ է, լավ բան անելը այլ է՝ աշխատանք է, գիտելիք է, փորձ է, մեծ ցանկություն ու կամք է: Ձեզ մոտ կամքը վերաբերում է միայն իշխանությունը պահելուն, ուրիշ ոչ մի բանի։
Թուրքիայի հետ սահման բացելը շատ լավ է, բայց 7 տարի դրանից խոսելով ի՞նչ եք արել, մի հատ բացեցին երկրաշարժից հետո մի քիչ օգնություն տարաք, մի հատ էլ էսօր են բացել Սիրիա օգնություն տանեք։ Դա է՞ր լրիվ։ Բա պայմանավորվել էիք երրորդ երկրների համար բացել։ Ձեր պայմանավորվածությունները սահմանափակվել են մեկ որ Նիկոլը գնա Էրդողանի երդմնակալությանը մի անկյան վրա նստի, մեկ որ Էրդողանի գիրքը գրկի նկարվի, մեկ էլ որ մեր փողով թուրք լրագրղների բերեք պտտացնեք, գնան վատ բաներ գրեն։ Պատկերացրեք, որ շատ արժանապատիվ էր Հայաստանի կեցվածքը էն ժամանակ, երբ դուք ու ձեր էս շփումները չկային, գոնե չէինք տեսնում, գնում է՜ն աշխարհ գալիս։
Կրնում եմ, ձեզ մոտ չի ստացվել ոչինչ․ լավ ելույթներ եղել են, գաղափարներ եղել են․ սամալյոտի գործարանն էլ էր լավ գաղափար, տեսախցիկները հանելն էլ էր փայլուն գաղափար, հայկական տեխնիկայի գործարանն էլ էր լավ գաղափար, բամբակի գործարանն էլ, շաքարի գործարանն էլ, անգամ կոկորդիլոսաբուծարանն էր լավ գաղափար, բայց՝ 0, ոչինչ չեք կարողանում գլուխ բերել։ Որովհետև չեք կարող։ Դուք խոստումներ եք տալիս, որոնք հենց տալու վախտ արդեն գիտեք, որ սուտ եք ասում։ Դուք չգիտեի՞ք, որ ոչինչ չեք անելու Շուշիի ու Հադրութի հետ բերելու ուղղությամբ․ գիտեիք, բայց խոստանում էիք, առանց ամաչելու, մարդկանց հույզերի վրա խաղալով։ Ձեր 2021 թվականի արտահերթ նախընտրական ծրագրում ինչո՞ւ չկար Տավուշից գյուղերի հանձնումը․ որովհետև ուրիշ բան էիք անելու, իսկ դրա մասին խոսելը շահեկան չէր։ Ասել ես՝ մեզ ընտրեք, թե չէ Քոչարյանը կգա, պատերազմ կլինի, ուզենալու է Ղարաբաղի կորցրած մասը հետ բերի։ Մնացել ես, ու դրանից հետո եղել են Ջերմուկի հարձակումներ, հետո եղել է Արցախի վրա հարձակում-հայաթափում, եղել են հանձնումներ Սյունիքում։ Ինչո՞ւ․ որովհետև չկարողացար ուրիշ ձև։ Քոչարյանի ժամանակ Հեյդար Ալիևը համակերպվել էր Արցախի կորստի հետ, որը ընդամենը բանակցություններով կարգավորվող հարց էր․ եկար ադրբեջանական երազանքը դարձրիր իրականություն, հերիք չէ, ու այդ ամենը 5000 զոհ տալուց հետո։
Պարոն Թորոսյան, էս սաղ որ թվարկում եմ, ոչ մեկ ձեզ չի խանգարել, որ նորմալ անեք, բայց կամ ի սկզբանե ստել եք, չէիք էլ պատրաստվում անել դրանք, կամ ուզել եք, բայց չեք կարողացել ու սրանից հետո էլ չեք կարողանալու։ Նախորդ տարի ասում էիք Ադրբեջանին Տավուշից կտանք 4 գյուղ, կստանանք 9 գյուղի՝ կենսական նշանակության տարածք։ Տվել եք, բայց ի՞նչ եք ստացել։ Շան պոչ։ Անգամ հենակետեր եք հանձնել, որոնք ձեր նշած սահմանազատումների արդյունքում պետք է չհանձնեիք։ Ձեր կարողությունը էդքանն է։
Համընդհանուր հայտարարագրի մասին քա՞նի դրական կարծիք եք լսել հանրութունից, մասնագետներից․ ես չեմ լսել․ մենակ նիկոլենք են լավն ասում։ Երեկ էլ դա ներկայացնում էր որպես շրջադարձային բարեփոխում, աղամանի ու տոպրակների բարեփոխումների նման բան։ Կարող է՝ վատ գղափար չէ, բայց մենակ այն, որ դա դուք եք ներկայացրել, չի ընդունվում, որովհետև ձեզ չեն ընդունում մարդիկ, որովհետև մինչ այս սաղ խաբել ու պրավալ եք տվել։ Ոստիկանական բարեփոխում էլ էիք արել, ի՞նչ ստացվեց ձեզ մոտ։ Ոստիկանները փողոցից մարդուն բռնում տանում են ու ծեծելով ստիպում են իր վրա վերցնի ուրիշի կատարած հանցանքը։ Ոստիկաններն ազատության մեջ են ու էսօր ՆԳ նախարարն ակնարկում էր, որ ոչ էլ կպատժվեն, որովհետև չէր հավատում, որ ծեծել են։ «Բարեփոխված» ոստիկանության պահվածքը ոչ միայն իրավական տեսանկյունից է դատապարտելի, այլև բարոյականության, մարդկայնության տեսանկյունից։ Պատկերանցում ե՞ք, 29 տարեկանում տղան տեսնի երկու պատերազմ, կորցնի ծնողներին, տեսնի բռնագաղթ, ու նաև նրան բռնեն ասեն գնա ուրիշի կատարած հանցանքի համար բանտ նստիր։ Նախարար Արփինե Սարգսյանը, որ էդ ծեծված տղուց ընդամենը 1,5 տարի է մեծ, ասում է՝ չեմ հավատում, որ ծեծել են, վրան կապտուկներ չկան։ Ասեմ իմանաս, տիկին նախարար, որ ամեն օր են բաժիններում ծեծեր լինում ու ծեծում են այնպես, որ կապտուկները նախարարի համար տեսանելի չլինեն։ ՆԳ նախարարությունը նոր է բացվել, արդեն նախարարներ եք փոխում, բայց բարեփոխում այդպես էլ չկա ու չի էլ լինելու, չեք կարող։ Չես կարող ոստիկանին ստիպել, որ Նիկոլի հաճույքի համար ընդդիմադիր ծեծի, իր հաճույքի համար չծեծի։ Ծեծը դառնում է սովորություն։
Կարճ ասած՝ լրանում է այս իշխանության կառավարման 7 տարին, մոտավորապես՝ երկու ժամկետ իշխանության են։ Այս տարիները եկան ապացուցելու, որ անընդունակ եք լավ բան անելու, խոստում կատարելու։ Դուք հաստատել եք, որ Նիկոլի աջակիցների կողմից տրված «խեղճ հարիֆ» գնահատականը ճիշտ է։
Ի դեպ, ես ամբողջ նյութի ընթացքում ոչ էլ շարժվեցի հանրության մեջ խիստ տարածված թեզով, որ թշնամու դրածո եք, դավաճան, այլ՝ կանխավարկածով, որ անկարող եք։ Եթե գործակալ լինելը դեռ կարողանում եք հերքել, ապիկար լինելը այլևս չի ստացվի՝ փաստ է։
Սևակ Հակոբյան