Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

4 Ապրիլի, 2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.

«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ

Ինձ այցի եկավ:

Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`

Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,

Իր անմեկնելի, անեզր սիրով:

Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…

Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,

Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ

Վերադառնա իր Արեգակին:

Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,

Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,

Քո լույս Հարության համբույրի սիրով,

Զնգուն ծիծաղով առավել կյանքի:

Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.

Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,

Պատմում էր անհագ սիրո հեղեղով,

Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,

Անցքերի մասին անցյալ չդարձած,

Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,

Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի

Լույս Գերեզմանիդ:

Արցունքի նման կաթկթող լույսով,

Իմ լույս շողիկը

Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…

Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,

Հանդարտ ու վսեմ,

Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:

Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,

Թևերդ բացված լայն ու ընդարձակ`

Հրավիրելով Սիրո Հանդեսի:

Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`

Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.

-Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում…

Փշե պսակիդ արյան շիթերի

Ամեն կաթիլը մի պատմություն է

Խտացած կարմիր,

Դժնի մատնության, ուրացման, ստի,

«Սիրո համբույրի» դավաճանական,

Կաշառված հոգու, ծախված երազի,

Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա

Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:

Լքված, միայնակ ներում ես հայցում

Ամենքի համար,

Առանց բաժանման, առանց խտրանքի…

Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.

«Արդ կատարեալ է»,

Երբ քացախային դառնահամ լեղին,

Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,

Գամերիդ ցավից առավել ծաղկեց

Սերդ Սիրողիդ…

Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,

Քեզ համար լինել խաչիդ խաչակից,

Տառապանք կրել, զրկանք ու կապանք,

Քան թե

Քո փառքին և արքայության լինել փառակից:

Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,

Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…

Գերեզման, որից կյանք է ճառագում.

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,

Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,

Մերժած թե’ մահը, թե’ մեռելություն:

Յուղաբեր կանանց նման երկյուղած,

Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,

Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:

Խուցս վերածած նոր Էմմավուսի,

Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`

Քաղցր համբույրը դաջելով սրտիս…

-Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ

Հարազատ դարձած,

Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,

Արփի անվախճան ու անդավաճան:

Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,

Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,

Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:

Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ

Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,

Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,

Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,

Վախի, կեղծիքի, ստի ու մահվան

Անարգ պարտությամբ

Ամենուր խայտա կյանքը Հարության

Լույսի Հաղթության»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

04.04.2026

Ճրագալոյց Սբ Յարութեան

Նմանատիպ նյութեր

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը: «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել...

Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ

Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Ալիևը Բիշքեկում բողոքեց ՄԱԿ–ից՝ խոսելով ՀՀ–Ադրբեջան կոնֆլիկտի մասին

Ալիևը Բիշքեկում բողոքեց ՄԱԿ–ից՝ խոսելով ՀՀ–Ադրբեջան կոնֆլիկտի մասին

Բաքուն և Երևանը երկարամյա հակամարտության ավարտից հետո աշխատում են փոխադարձ առևտրի զարգացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով...

Պարզվում է՝ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին. փաստաբան

Պարզվում է՝ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեն սահմանում է քրեական վարույթերի քննության նոր չափանիշներ։ Պարզվում է, որ այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին՝ կատարելու քննչական գործողություններ, որովհետև...

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից: «Գագիկ Խաչատրյանն արդեն ՔԿ–ում է, շուտով միջնորդություն կներկայացվի նրան կալանավորելու վերաբերյալ»,– հայտնեցին Քննչական կոմիտեից։ ​​​​​​​Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու...