Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում. Civilnet

25 Հոկտեմբերի, 2025

CivilNetCheck-ը գրում է․

Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։

Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է, իսկ կուսակցության հետ ասոցացվողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։

Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։

Ալիքում հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց՝ 12:08-ին, ձայնագրությունը հայտնվել է ֆեյսբուքյան «Մտածող մարդկանց ակումբ/Клуб думающих людей» էջում։ Այն ստեղծվել է 2022-ին և ունի մոտ 20 հազար հետևորդ։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ ձայնագրության վերաբերյալ այս գրառումը էջում ունեցել է ընդամենը 16 տարածում (share), որոնցից միայն երեքը՝ հրապարակային։ Այս օգտատերերի էջերը ողողված են իշխանամետ քարոզչական բովանդակությամբ․ նրանք հիմնականում տարածում են գրառումներ «Հայկական ժամանակ» և civic.am կայքերից։

Էկրանապատկերը՝ «Մտածող մարդկանց ակումբ/Клуб думающих людей» անվանումով ֆեյսբուքյան էջից

Էջի մյուս հրապարակումները հիմնականում մեջբերումներ և մտորումներ են․ քաղաքական բովանդակություն ունի միայն հոկտեմբերի 17-ի գրառումը։ Չի բացառվում, որ էջը սկզբում հրապարակել է ոչ քաղաքական բովանդակություն՝ հետևորդներ հավաքելու և հետագայում այլ նպատակներով օգտագործվելու համար։

Էկրանապատկերը՝ «Մտածող մարդկանց ակումբ/Клуб думающих людей» անվանումով ֆեյսբուքյան էջից

Լրատվամիջոցներից առաջինը՝ Medianews.site-ը

Տելեգրամյան ու ֆեյսբուքյան անհայտ էջերում հայտնվելուց հետո ձայնագրությունը հրապարակվել է medianews.site-ում։ Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:50-ին, այն հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, 12:51-ին՝ կայքում, իսկ 13:10-ին՝ ֆեյսբուքյան էջում (արխ․

Էկրանապատկերում՝ ձայնագրությունը տարածելու հաջորդականությունը

Նույն ժամին՝ 13։10-ին, medianews.site-ի հոդվածը կցած ձայնագրության վերաբերյալ գրառում են տարածել ArmeniaNews (արխ․) և «ԱՐՄԵՆԻԱ» (արխ․) ֆեյսբուքյան էջերը։ Ըստ ուսումնասիրության՝ այս էջերն ուղիղ կապ ունեն medianews.site-ի հետ և, ամենայն հավանականությամբ, կառավարվում են նույն տեղից, քանի որ միաժամանակ տարածում են նույն գրառումները։

«Ինֆոքոմի» 2021-ին հրապարակած հետաքննությունը բացահայտել էր, որ medianews.site-ը և ArmeniaNews-ը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Մինչև այս պաշտոնը ստանձնելը Չախոյանը բլոգեր էր։ Կայքն ու ֆեյսբուքյան էջը ողողված են Չախոյանի տարբեր գրառումներով և հայտարարություններով։ Ինքը՝ Չախոյանը, երբեք չի հերքել կապը Medianews.site-ի հետ։

Էկրանապատկերը՝ MediaNews, ArmeniaNews և «ԱՐՄԵՆԻԱ» ֆեյսբուքյան էջերից

Այս բոլոր էջերի գործունեությանը #CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել էր. մենք պարզել էինք, որ դրանք բոլորն ունեն իշխանամետ ուղղվածություն։ Այս էջերը նաև նախորդ տարի համակարգված կերպով թիրախավորում էին Հայաստանում ընդդիմադիր ցույցեր սկսած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ տարածելով կեղծ և դավադրապաշտական թեզեր։

ՏԵՍ՝ Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ

Medianews.site-ի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց ձայնագրության մասին գրել են իշխանամետ լրատվամիջոցները․ civic.am՝ ժամը 13:15-ին, armtimes.com՝ 13:34-ին, ավելի ուշ հրապարակվել է araratnews.am -ի յութուբյան ալիքում և այլն:

Ինչպե՞ս տարածվեցին նմանատիպ այլ «սկանդալային» ձայնագրություններ և տեսանյութեր

Հոգևորականների ձայնագրությունից օրեր անց տարածվեց մեկ այլ «գաղտնալսում»՝ այս անգամ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ներկայում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հանրահավաքին իբր գումարով մասնակիցներ բերելու վերաբերյալ։

Տարածված ձայնագրությունում զրուցակիցներից մեկը խոսում է հրապարակ գնալու և 40,000 դրամ խոստացված գումարի մասին։ Ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։ Մինչդեռ Կարապետյանի թիմը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են։
#CivilNetCheck-ի ուսումնասիրության համաձայն՝ այս ձայնագրությունն ամենավաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 20:21-ին հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, րոպեներ անց՝ 20:27-ին, հրապարակվել է նույն լրատվամիջոցի կայքում և 20:33-ին ֆեյսբուքյան էջում (արխ․

Էկրանապատկերը՝ medianews.site-ի և մեկ րոպեի տարբերությամբ հոդվածը ֆեյսբուքում տարածած ArmeniaNews և «ԱՐՄԵՆԻԱ» ֆեյսբուքյան էջերից

Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, medianews.site հրապարակել էր իբրև անանուն աղբյուրից ստացած նամակագրություն, հոդվածում նշելով, որ 40,000 դրամի դիմաց առաջարկում են մասնակցել Սամվել Կարապետյանին աջակցող ակցիաներին։

Այս դեպքում էլ գործել է նույն սխեման։ Medianews.site-ից հետո «սկանդալային ձայնագրությունը» հայտնվել է ՔՊ-ի civic.am-ում՝ 20:36-ին, araratnews.am-ը՝ 20:59-ին։

Այս սխեման նոր չէ

Նոր չէ, որ Medianews.site-ը օգտագործվում է խնդրահարույց բովանդակություն տարածելու համար՝ փորձելով թաքցնել իշխանական հետքը։

2023-ին նույնպիսի մեդիա սխեմայով տարածվել էր նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր (2025-ին մահացած) Մհեր Սահակյանի մասնակցությամբ տեսանյութը՝ ԱԺ անվտանգության տեսախցիկներից։ Տեսանյութը տարածած լրատվամիջոցները պնդում էին, թե Սահակյանը հարվածել է ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տեսանյութը լրատվամիջոցներից ամենավաղը՝ 20:46-ին, հրապարակվել է medianews.site-ի ֆեյսբուքյան էջում, այնուհետև տարածվել այլ լրատվամիջոցներում։

Թե ինչպես էր ԱԺ անվտանգության տեսախցիկների տեսագրությունը հայտնվել այդ կայքում, մինչ այժմ պարզաբանում չի տրվել։

Նմանատիպ նյութեր

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...