իրիայի նոր իշխանությունները լայնածավալ գործողություններ են սկսել տապալված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ` նախօրեին նրանց և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև արյունալի բախումներից հետո, որոնք, որոշ տվյալներով, ավելի քան 70 մարդու կյանք են խլել. 35 հոգի՝ անվտանգության ուժերից, 32-ը՝ Ասադի կողմնակիցներից և 4-ը՝ տեղի բնակիչներից: Այս մասին գրում է dw.com-ը:
«Սիրիայի ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգների քաղաքներում, գյուղերում և լեռներում անվտանգությունը վերականգնելու գործողությունն ուղղված է Ասադի զինյալների և նրանց դեմ, որոնք աջակցում են այդ ուժերին», — SANA պետական լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության պաշտոնյան:
Նա տեղի բնակիչներին հորդորել է «մնալ իրենց տներում»:
Պարետային ժամ է հայտարարվել Լաթաքիա նահանգում, որը համարվում է Ասադների տոհմի «հենակետը» և որտեղ բնակվում է ալևիական համայնքի զգալի մասը, ինչպես նաև Տարտուսում և Հոմսում։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից և այլ նահանգներից լրացուցիչ ուժեր են ուղարկվել Լաթաքիա և Տարտուս։
Նախօրեին Լաթաքիայում բախումներ էին տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև։ AFP գործակալությունը, վկայակոչելով Լաթաքիայի անվտանգության ներկայացուցչին, հայտնել է, որ Ասադին աջակցող աշխարհազորայինների խմբերը լավ ծրագրված և կանխամտածված հարձակում են իրականացրե նոր իշխանությունների անվտանգության ուժերի դիրքերի և անցակետերի վրա։
Ըստ սիրիական թելեգրամյան ալիքների՝ Սիրիայում ահաբեկիչները սպանում են և խոշտանգում խաղաղ բնակիչներին՝ այդպիսով վրեժխնդիր լինելով երեկ Ասադի կողմնակից ալևիների ձեռնարկած ապստամբելու փորձի համար: Լաթաքիայում Ասադի կողմնակից ալևիները ռուսական պաշտպանություն են պահանջում՝ խաղաղ բնակիչների դեմ իրականացված հարձակումների ֆոնին: