Ռուսական շուկայում հայկական արտադրանքը փոխարինվում է ադրբեջանակով․ Ծառուկյան

3 Հուլիսի, 2026

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։

Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ աննախադեպ հարձակումներից ու աներևակայելի անարդարությունից, որ տեղի է ունենում մեր հանդեպ։ Այդ ամենը շատ լավ անում են իմ թիմակիցները և մեր փայլուն իրավաբանները։ Շնորհակալ եմ հանրությանը, քաղաքական և հանրային շրջանակներին՝ անկեղծ աջակցության և ճշմարտությանը հետամուտ լինելու համար։

Փոխարենը ես ուզում եմ խոսել մի հարցի մասին, որ բոլորն իրար տալիս են։ Ինչո՞ւ նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, և ե՞րբ Հայաստանում կլինեն փոփոխություններ դեպի լավը։

Այս կարևորագույն հարցերին ես ուզում եմ հարցով պատասխանել։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն ծրագրային, առանց թշնամանքի, առանց սպառնալիքի ու ատելության։ Մի՞թե 8 տարին հերիք չէր երկրում նման մթնոլորտ ձևավորելու համար։ Իսկ դրվե՞լ է արդյոք նման խնդիր։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք ի վերջո հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղ շահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարվի։

Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել՝ ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում։

Մեր ամենամեծ խնդիրների աղբյուրն անտարբերությունն է, որը գալիս է ընդհանուր տան, ընդհանուր խնդիրների գաղափարը խորությամբ չգիտակցելուց և չզգալուց։

Այս մտածողությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իրար լսելու կարողություն, դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, և մեկ ու միակ հայրենիքի ընկալում։ Ցավոք, մենք հիմա դա չունենք։

Եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների (իսկ մենք հիմա գնում ենք հենց այդ ուղղությամբ), ապա տուժելու են բոլորը։ Հաղթող չի լինելու, կորուստները լինելու են բոլորինս։

Ես վերջին շրջանի իմ հանրային գործունեությունը կառուցել եմ ներքին համերաշխության գաղափարի շեշտադրմամբ։ Սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվի մեր հետպատերազմյան վերականգնումը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով է´լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Մեր երկիրն ունի շատ լուրջ խնդիրներ, մենք առաջիկայում պարտավոր ենք լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել եզակի ճիշտ լուծումները։ Բայց ես վստահ չեմ, որ մենք սա գիտակցում ենք։ Մեր ժողովուրդը բաժանված է ճամբարների, մեր ունակ կադրերը, մասնագետները, փորձ ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն։ Պարզ ասած՝ նրանք անտեսված են, քանի որ «յուրային» չեն։ Սփյուռքին նայում ենք որպես օտարի, ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու։ Այս մթնոլորտով ո՞ւր ենք գնում։

Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։

Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ։

Ո՞նց կարելի էր նման բան թույլ տալ։

Ես հարցնում եմ ու ինքս, ցավոք, գիտեմ պատասխանը։ Այս ամենը մենք կարողացանք թույլ տալ հենց այն պատճառով, որ չունենք միասնական երկրի, միասնական խնդիրների զգացողություն։ Իմ կառուցած արձանը և Նոյյան Տապանը, բացի մեր երկրին տնտեսական օգուտներից, ունեն նաև խորհրդանշական շատ ավելի կարևոր իմաստ՝ միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի։

Նմանատիպ նյութեր

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է փորձություն, ընդգծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան...

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում...

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը Artsakh Monuments-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն...

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին: Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի  ներկայացուցիչ Ստեֆան...

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...