Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրա առողջական վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց: Այս մասին ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:
«Ես բժիշկ չեմ, բայց որքանով քննարկել եմ մասնագետների հետ և ուսումնասիրել մասնագիտական գրականությունը, իրավիճակը խնդրահարույց է։ Շուրջ երկու շաբաթ առաջ ստենտավորված պացիենտին, ելնելով նաև այն ախտանիշներից, որոնք ուներ պարոն Քոչարյանը, խորհուրդ է տրվում առնվազն ևս 2 շաբաթ գտնվել վերահսկողության տակ։ Պարտադիր չէ հենց հիվանդանոցում․ այլ պայմաններում գուցե հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չլիներ, բայց սրացումն անցնելուց հետո դուրս գրելը հնարավոր է միայն այն պայմանով, որ սրացումների դեպքում հնարավոր լինի շատ արագ վերադառնալ բուժհաստատություն»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը շարունակվել էր առանց նրա ներկայության:






