Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հետևել «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական հայտարարություններին և ոչ թե լուրերին ու տարբեր ենթադրություններին։ Հայտնում է Ռիա նովոստին:
«Այս դեպքում տվյալ ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը «Ռոսպոտրեբնադզորն» է։ Հենց «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական հայտարարություններով էլ պետք է առաջնորդվել՝ չլսելով տարբեր լուրեր, ենթադրություններ և այլն։ Կա «Ռոսպոտրեբնադզոր», որտեղ աշխատում են այս ոլորտի բարձրակարգ մասնագետներ», – լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում հետևում են Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակին։
Ավելի վաղ տարածաշրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Պրիանգարիեում հայտնաբերվել է վտանգավոր վարակիչ հիվանդություն, իրականացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իսկ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո։
Բացի այդ, Իրկուտսկի մարզի կառավարությունում տեղի է ունեցել մարզային սանիտարահակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ։
«Ռոսպոտրեբնադզորը» իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի հիվանդացած աշխատակցուհու մոտ նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Նրա հետ շփված անձանց հետազոտությունը չի հայտնաբերել վարակիչ հիվանդության հետ կապված առողջական վիճակի որևէ փոփոխություն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակաբանական իրավիճակը կայուն է։





