Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն

Ապր 8, 2025

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների ցանցի հայտարարությունը Արցախի  հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ․

«Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։

Իրավական հիմնավորում և դիրքորոշում․

1. Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:

2. Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:

3. Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:

4. Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:

5. Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:

Մեր իրավական պահանջները․

1. Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:

2. Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:

3. Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:

Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Լուսաստղ» ՀԿ

08.04.2025թ.»։

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ցուցմունք են տվել «տուժողները»

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունը, որը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական...

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. « Երբ Արցախում էի… Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական,...

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Գյումրիում մանդատագողությունը կանխվեց․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է այսօր Գյումրիում ծավալված իրադարձություններին։ Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ԸԸՀ-ն չէր շտապում դադարեցնել «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները և նրա մանդատն, ըստ օրենքի, փոխանցել նույն դաշինքի հաջորդ համարին՝...

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին վերագրեց արևմտյան ու բրյուսելյան «методичка»-ների կիրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեի...

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության...