Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը․ Բագրատ սրբազան

16 Հուլիսի, 2026

Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից.

«Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ:

Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը` որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր` ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը… նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին… նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս):

Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր` հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն.

«Նահատակք պանծալիք եւ

Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն.

Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի

Արեամբ ձերով ի մահ խաչին…»

(Սբ Ներսես Շնորհալի)

Ի միջի այլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»:

Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին.

«Մարտիրոսք ցանկալիք

եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն,

որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան»

(Սբ Ներսես Շնորհալի)

Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը` սրբադասելով նրանց որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը` նահատակության և սրբադասման սկզբունքը, կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար:

Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի` Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները` սեփական ինքնությանը հարազատ` ներառյալ հավատքի պաշտամունքը:

Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ, անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված` անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ` շահեդ Մարգար Մարգարյան):

Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի` Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...

Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ «Փաստինֆո»-ն համեմատել է այն 2023 թվականի հայտարարագրի հետ՝ պարզելու, թե ինչպես են...

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին: Օրինագիծը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին թիրախային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի կամ գազի հինգ խոշորագույն գնորդներից ներմուծվող ապրանքների վրա։ Օրինագիծը նաև...

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ իրականում ազգային ամոթի օրը էսօր չէր, այլ այն օրը երբ գիտեինք, որ էս օրը գալու է։ Ազգային ամոթը արդեն մեր մեջ պիտի լինի, որ բոլոր կարմիր գծերը հատված են, բայց մենք՝ անզօր։ Սա...