Մոտ երեք տարի ինձ կալանքի տակ են պահում չեղած, կեղծ, հնարովի, ապօրինի մեղադրանքներով․ Սուրեն Մանուկյան

Ապր 1, 2025

Նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ,

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իմ կողմից ՔԿՀ-ից արված հայտարարությանը, նշելով, որ ես իմ ձևակերպումներում օգտագործել եմ Վերաքննիչ դատարանին և կոնկրետ դատավոր Աննա Մաթևոսյանին ուղղված վիրավորական, ոչ կոռեկտ, անթույլատրելի արտահայտություններ։ Ինչպես նաև նշել է, որ ես իմ հայտարարությամբ փորձել եմ վարկաբեկել դատական իշխանությունը։ Ես մեղադրվում եմ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և վերջում նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր գործառույթն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, այլ ոչ թե կուսակցական սկզբունքով։

Հիմա անդրադառնանք այս հնարովի, ես կասեի՝ Գինեսի ռեկորդների գրքում արժանի տեղ ունեցող, արհեստական, պատվիրված, շինծու գործ կոչվածի ապացույցներին, որոնց վստահաբար կարելի է անվանել չապացույցներ։ Իրավաբանական կրթություն չունեցող, նույնիսկ հայերեն լեզվին լավ չտիրապետող անկախ մեկի մոտ այս ապացույց կոչվածները քմծիծաղ կառաջացնեին։

Ինչևէ, անդրադառնանք դրանց կետ առ կետ։

Նախ հիշեցնեմ հարգելի խոսնակին, որ իմ ձերբակալության իրավաչափությունը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը դատավոր Տաթևիկ Մուրադյանը դատական ակտի մեջ արձանագրել է, որ իմ ձերբակալությունն իրավաչափ է և ապացուցված է համարել այն հանգամանքը, որ քրեական վարույթի նյութերում առկա են քրեադատավարական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայություն։

Տեղյակ եք նաև, որ իմ վերաբերյալ քրեական գործը ըստ էության գտնվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում, և հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են հանրային մեղադրողների կողմից ապացույցների ծավալում ներառված բոլոր գրավոր ապացույցները, ինչպես նաև հարցաքննվել են հանրային մեղադրողների կողմից ներկայացված բոլոր վկաները։ Բայց այդպես էլ չի գտնվել որևէ փաստական տվյալ այն մասին, որը ինչ-որ ձև կհիմնավորեր իմ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանի կողմից դատական ակտի մեջ կատարած կեղծ արձանագրումը հիմնավոր կասկածի վերաբերյալ։

Ինձ ձերբակալելու և կալանավորելու ապօրինի որոշումից երկու շաբաթ հետո ինձ նոր անօրինական մեղադրանք է առաջադրվել՝ անհայտ աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա, որ իբր ես կատարել եմ առանձնապես ծանր հանցագործություն։

Հիշեցնեմ հարգելի խոսնակին, որ քրեադատավարական օրենսգիրքը արգելում է անհայտ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա քրեական վարույթ նախաձեռնել։ Սակայն ոչ միայն քրեական վարույթ է նախաձեռնվել, այլև մեղադրանք է առաջադրվել, և ես արդեն մոտ երեք տարի գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։

Ես խոսում եմ փաստերով, ոչ թե ենթադրություններով, իսկ դատական իշխանությունները վարկաբեկվում են որոշ դատավորների ապօրինի և կեղծ որոշումների արդյունքում։

Հարգելի խոսնակը նշում է, որ Վերաքննիչ դատարանն իր գործառույթն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության սկզբունքով։ Եթե իրականում այդպես է, ես ինչի հիման վրա եմ գտնվում անազատության մեջ։ Քրեադատավարական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատարանը իր իրավասության սահմաններում պարտավոր է անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի։

Ինձ մոտ երեք տարի կալանքի տակ են պահում չեղած, կեղծ, հնարովի, ապօրինի մեղադրանքներով, որոնց կարող եք ծանոթանալ քրեական գործ կոչվածը թեթևակի ուսումնասիրելու պարագայում։ Ցավոք, իրար հաջորդող դատավորները հղում են կատարում նախորդ դատավորների կողմից թույլ տրված կեղծ արձանագրումներին, և այս քրեական գործ կոչվածը վեր է ածվում անվերջանալի շարանի։ Պարզից էլ պարզ է դառնում, որ այս պատվիրված շղթան հասել է դատարան, իսկ դատարանն էլ չգիտես ինչու փորձում է դառնալ այդ շղթայի վերջին օղակը։ Ասում եմ՝ չգիտես ինչու, բայց շատ լավ էլ գիտեմ, թե ինչու, ում պատվերով և ինչ նպատակով։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է այսպիսի մտացածին մեղադրանք առաջադրվել իմ նկատմամբ։ Դուք այդ պատճառները ինձանից լավ գիտեք, որովհետև ստանձնել եք բարոյականության և խղճի դեմ մեղանչելու ամենաոչ մարդկային պարտավորություններ, և այն համառորեն փորձում եք երկարաձգել մինչև ուր ես չեմ հասկանում, համոզված եմ, որ դուք էլ մեծ տարակուսանքի մեջ եք հասկանալով, որ չեղածի համար, առանց որևէ հիմքի մարդուն կալանքի տակ պահելու համար գալու է պատասխան տալու օրը։

Ինչ-որ տեղ Ձեր արարքը հասկանալի կլիներ, եթե այս ամենը լիներ Ձեր անգրագիտության և չիմացության արդյունքում։ Սակայն դուք անգրագետ չեք, բայց զուրկ եք վտանգի զգացողությունից, նույնիսկ բույսերը ունեն վտանգի զգացողություն, ինչն ապացուցվել է բազմաթիվ լաբորատոր հետազոտություններով։

Նրանք, ովքեր այս արհեստական գործը գործել, կարել, կտրել և մատուցել են Ձեզ, փորձել են դատական համակարգին ներքաշել այնպիսի մի գործընթացի մեջ, որը կոչվում է չարդարադատություն և կեղծարարություն, դրանով էլ խաղացել են դատական համակարգի հեղինակության հետ, բայց այս պահին դուք եք որոշողը՝ շարունակել գնալ այդ հանցավոր ճանապարհով, թե իրականացնել արդարադատություն։

Եթե դուք կարծում եք, որ արժանի եք հարգանքի, այդ դեպքում առաջնորդվեք օրենքներով և Սահմանադրությամբ, որպեսզի հարգանքը լինի փոխադարձ։

Եվ վերջապես, հարգելի քրեական դատարանների խոսնակ, ուսումնասիրեք ինձ վերագրվող քրեական գործն և նոր դրանից հետո հայտարարությամբ հանդես եկեք»։

Նմանատիպ նյութեր

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որովհետեւ Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու...

Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան

Բաքվի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։...

Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:   ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով...

Թրամփը անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման հրամանագիր է ստորագրել

Թրամփը անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է ԱՄՆ պատմության մեջ առաջին գործադիր հրամանագիրը՝ անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու մասին։ «Այսօր ես ստորագրեցի գործադիր հրամանագիր՝ առաջին ինքնաարտաքսման ծրագիրը մեկնարկելու համար։ Ամերիկայում...