2026թ․ ապրիլի 23-ին Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում կայացավ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովը։ «Եվրասիա» ոչ կառավարական կազմակերպության ստեղծման երկրորդ ամյակին նվիրված այս մասշտաբային իրադարձությունը մեկ հարկի տակ էր համախմբել ավելի քան 800 մասնակցի՝ պետական գործիչների, բիզնեսի, կրթության, մշակույթի, մեդիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Միջոցառման աշխարհագրությունը բավականին լայն էր. Ռուսաստանից բացի, համաժողովին մասնակցում էին հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Աֆրիկյան մայրցամաքի երկրներից։ Համաժողովը նպատակ ուներ ընդգծել երկրների միջև փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված կապերի ամրապնդման կարևորությունը։
Ավանդական արժեքները՝ որպես ինքնության բետոն
Համաժողովի հանդիսավոր բացմանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ եվրասիական գործընթացը պետական ջանքերի կարևոր հումանիտար լրացումն է։ Ըստ նրա՝ եվրասիական տարածքը պատմականորեն միավորում է հարյուրավոր ժողովուրդների, որոնց մշակույթներն ու ավանդույթները սերտորեն միահյուսված են։
«Այն աշխատանքը, որն իրականացվում է «Եվրասիա»-ի շրջանակում, մեր պետությունների ընդհանուր ջանքերի շատ կարևոր բաղադրիչն է՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը։ Սակայն արժեքները չեն կարող ինքնուրույն գոյատևել, դրանք բետոնի նման են՝ անուշադրության դեպքում կորցնում են ամրությունը։ Ավանդական արժեքները հիմնված են անցյալի վրա, բայց դրանք նաև ապագայի մասին են և պետք է մշտապես զարգանան»,- նշեց Պեսկովը։
«Եվրասիան»՝ որպես կենդանի օրգանիզմ. Արևմտյան արժեքների ճգնաժամը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ելույթում նկատեց, որ ի տարբերություն ինստիտուցիոնալ և բյուրոկրատական բազմաթիվ միջազգային կառույցների, «Եվրասիան» կենդանի, արագ արձագանքող կառույց է։ Կազմակերպությունն այսօր ներկայացված է 40 երկրում և միավորում է նախագծերին անմիջականորեն մասնակցող շուրջ 120 հազար մարդու։
Զախարովան սուր քննադատության ենթարկեց Արևմուտքի կողմից պարտադրվող մարդու իրավունքների համընդհանուր հայեցակարգը՝ այն անվանելով «մանիպուլյացիայի գործիք»։
«Երբ ամբողջ աշխարհը տեսնում էր, թե ինչ է կատարվում Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, մարդու իրավունքների արևմտյան պաշտպաններից ոչ ոք ոչինչ չասաց՝ տեսնելով երեխաների սպանությունները, ցեղասպանական դրսևորումներն ու մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Այդ ժամանակ մարդիկ սկսեցին փնտրել իրական արժեքներ, և բոլորը հասկացան, որ դրանք մշակույթն են, պատմությունն ու ավանդույթները»,- ընդգծեց նա՝ կոչ անելով անցում կատարել ազգային և տարածաշրջանային թվային հարթակների, քանի որ արևմտյան հարթակներն իրականացնում են տեղեկատվական խտրականություն և գրաքննություն։
Հումանիտար աջակցություն և կրթական կենտրոններ. շեշտադրում Հայաստանի վրա
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան ելույթում և ճեպազրույցում կարևորեց երիտասարդության զարգացման և ռուսաց լեզվի աջակցության ծրագրերը։ Նա հայտնեց Ղրղզստանում նոր կենտրոնների բացման մասին և հատուկ ընդգծեց կազմակերպության ակտիվ գործունեությունը Հայաստանում։
«Մենք նման կենտրոնների ցանց ունենք Հայաստանում։ Բացի այդ, ցանկանում եմ առանձնացնել մեր կամավորների հսկայական աշխատանքը, ովքեր օգնեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստան ուղարկված մոտ 200 տոննա մարդասիրական բեռի բաշխման գործում։ Այս ամբողջ աշխատանքը խիստ անհրաժեշտ է, և մենք ծրագրում ենք ընդլայնել մարդկանց հետ ուղիղ շփումները»,- նշեց Արշինովան։
Երիտասարդությունը, ցավոք, չգիտի, թե ինչ է Եվրասիան
«Երբ սկսեցինք մեր գործունեությունը Հայաստանում՝ «Եվրասիայի» շրջանակում, իրականում բացահայտվեցին այնպիսի երևույթներ, որոնք թվում էին անհնարին։ Այսօրվա ամբողջ խնդիրն այն է, որ մեր երիտասարդությունը, ցավոք, չգիտի, թե ինչ է Եվրասիան։ Եվ ես խոսում եմ ոչ միայն հայ երիտասարդության, այլ ընդհանրապես եվրասիական տարածքի երիտասարդների մասին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության հարցն էլ հենց այս իրավիճակի արտացոլումն է։ Նրանցից ոչ ոք դեմ չէ, սակայն մենք պետք է ցույց տանք և պատմենք երիտասարդներին, որ Եվրասիան հրաշալի հնարավորություն է, որ Եվրասիան հետաքրքիր է, ուժեղ է, ժամանակակից է»,- ելույթում ասաց «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ, «Եվրասիայի» Հայաստանի համայնքի ղեկավար Միկա Բադալյանը։
Նա պատմեց մի քանի դեպք․ «Երբ մենք գործարկեցինք «Ճանաչիր Ռուսաստանը» ծրագիրը, երիտասարդները մասնակցեցին դրան և վերադարձան Մոսկվայից։ Ինձ մոտեցավ մի աղջիկ և ասաց. «Միքայել, խնդրում եմ օգնեք ինձ սովորել ռուսերեն։ Ես սովորում եմ եվրոպական համալսարանում, բոլոր դասերս անգլերեն են, ես երբեք իմ ապագան Ռուսաստանի հետ չէի կապում։ Բայց տեսնելով Մոսկվան՝ ես ուզում եմ իմանալ ռուսերենը։ Ինձ ամոթ է, որ ռուսերեն չգիտեմ։
Երբ գործարկեցինք «Ճանաչիր Եվրասիան» ծրագիրը, և մեր երիտասարդները մեկնեցին հրաշալի Ղրղզստան, բախվեցի հարցերի, որոնք իսկապես ցավալի էին։ Խնդիրն այն էր, որ նրանք ընդհանրապես պատկերացում չունեին այն երկրների մասին, որոնք իրականում մեզ շատ ավելի մոտ են, քան արևմտյան եվրոպական երկրները։
Երբ մենք միջոցառման էինք Բելառուսում, մի ուսանողուհի կանգնեց և շնորհակալություն հայտնեց «Եվրասիային», որ առաջին անգամ եղել է Մոսկվայում։ Եվ նա ասաց՝ պատկերացնո՞ւմ եք, պարզվում է՝ Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից երիտասարդները մեզ նման են։
Երբ նրա համար դա բացահայտում է, հենց դա է խնդիրը։
Եվ ես շատ հպարտ եմ, որ զբաղվում եմ այս գործունեությամբ «Եվրասիայում»։ Այսօր մենք իսկապես լուծում ենք այդ խնդիրը։ Շատ ակտիվ աշխատում ենք դրա վրա և փոխում ենք վերաբերմունքը։
Ես սպիտակ նախանձով եմ նայում Ղրղզստանի հետ համագործակցությանը, որտեղ ամեն ինչ հիանալի է։ Իսկ մենք, ցավոք, ավելի մոտ ենք մոլդովական սցենարին, երբ ազգային շահերին հակառակ, պետական շահերին հակառակ, փորձում են նսեմացնել ռուսաց լեզուն և այն ամենը, ինչ կապված է Ռուսաստանի հետ։
Սակայն մենք տեսնում ենք, որ մեր երիտասարդությունը արձագանքում է։ Նրանք ցանկանում են ճանաչել Ռուսաստանը, սովորել ռուսերենը, ճանաչել Եվրասիան, լինել այս հզոր և տպավորիչ տարածքի մասը»,- ասաց Միքայել Բադալյանը։
Ընդհանուր հիշողություն՝ ընդհանուր ապագա
Համաժողովում կարևորվեց նաև պատմական ճշմարտության պաշտպանությունը գլոբալ վերափոխումների դարաշրջանում։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը հայտարարեց լայնածավալ միջոցառումների մեկնարկի մասին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին։
«2026 թվականին «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժումը միջոցառումներ կանցկացնի աշխարհի 14 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, Բիշքեկում, Քիշնևում, Ալմաթիում, Տաշքենդում, Դուշանբեում, ինչպես նաև Փարիզում և Պեկինում։ Սրանք հիշատակի նախագծեր են, որոնք մարդկանց միավորում են ընդհանուր հերոսական պատմության շուրջ»,- ընդգծեց նա։
Եվրասիայի մասին
«Եվրասիա»-ն ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը և ծրագրեր է իրականացնում մասնավոր միջոցներով։
«Եվրասիա»-ի առաքելությունն է միավորել տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որպեսզի միասին պահպանեն ավանդական արժեքները, պատմական հիշողությունը և Եվրասիայի ժողովուրդների միասնական մշակութային կոդը։
Կազմակերպության ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ կրթությունից և բժշկությունից մինչև մշակույթ, կամավորություն և բարեգործություն։
«Եվրասիա»-ն նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների երեխաների, ընտանիքների և երիտասարդության համար, զարգացնում է մանկավարժների, բժիշկների, լրագրողների, գիտնականների և փորձագետների մասնագիտական համայնքները։
Կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական, կամավորական և հումանիտար առաքելություններ։
Երկու տարվա ընթացքում «Եվրասիա»-ի նախաձեռնություններին աջակցել է ավելի քան 120 հազար համախոհ՝ աշխարհի գրեթե 40 երկրից։
Ամփոփելով՝ Մոսկվայում կայացած համաժողովը հստակ ուղերձ հղեց. ի հեճուկս գլոբալ տուրբուլենտության և տարանջատման փորձերի, Եվրասիական մայրցամաքի ժողովուրդներն ունեն ամուր հենարան՝ ընդհանուր մշակույթ, պատմական հիշողություն և ավանդական արժեքներ, որոնք պաշտպանության և նպատակային զարգացման կարիք ունեն։ Եվ այդ գործընթացում «Եվրասիա» հարթակը դառնում է այն կենդանի կամուրջը, որն ապահովում է իրական, շոշափելի ու հումանիտար կապեր տարածաշրջանի երկրների միջև։







