Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։
Շնորհավորական ուղերձում Պատրիարք Կիրիլը նշել է, որ սրբազան Եզրասի երկարամյա ծառայությունը կապված է Ռուսաստանի հետ։
«Երիտասարդ տարիներին ընտրելով քահանայական ծառայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Նևա գետի ափին գտնվող քաղաքի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակվանից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Դուք նախ ծառայել եք Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքին՝ որպես հովիվ, իսկ այնուհետև դարձել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։
Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժերի ամրություն ու Աստծո օգնությունը Ձեր բարձրագույն առաջնորդական ծառայության մեջ», — ասվում է ուղերձում։



