Մեծ Եղեռնը չպետք է միջազգային ասպարեզում այլոց իրար դեմ պայքարի գործիք դառնա. Փաշինյան

24 Ապրիլի, 2026

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։

Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։

Ամեն տարի ապրիլի 24–ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև։

Ու ապրիլի 24–ի մեր համազգային երթը նաեւ մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու, եւ Մեծ Եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսեւորում է։

Այս մտածումների եւ հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։

Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսեւորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։

Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց  19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։

Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։

Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, եւ այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։

Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սեւանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետեւ պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։

Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։

Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։

Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի եւ ընդհատված երազանքների իրագործումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...