«Մեկ դերասանի թատրոն»․ «Փաստ»

12 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի հրապարակային ելույթների ու դրսևորումների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել նրա գլխավորած կառավարության նիստերն ու այդ նիստերում ունեցած ելույթները: Եթե Խորհրդային Միության անծայրածիր տարածքի տարբեր բնակավայրերում եղած մեծ ու փոքր ճաշարաններում, հանրային սննդի կետերում, ի դեպ՝ Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով, յուրաքանչյուր հինգշաբթին «ձկան օր» էր, ապա ինքնիշխան Հայաստանում հինգշաբթին կառավարության նիստում Փաշինյանի էքսցենտրիկ ելույթների օր է:

Չէ՛, լուրջ, կառավարության նիստերը Փաշինյանի պաշտոնավարման շրջանում վերածվել են «մեկ դերասանի թատրոնի»: Բացառություն չէր կառավարության վերջին նիստը: Այս դաժան իրականության պայմաններում չզրկենք մեզ ու մեր սիրելի ընթերցողներին այդ կասկածելի հաճույքից ու մի քանի մեջբերում անենք Փաշինյանի զգլխիչ մենախոսությունից՝ «Յաղագս տգիտութեան կառավարութեան մերոյ»:

Ահավասիկ, զմայլվեք. «…Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է…

…Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի, իմ գլխավորությամբ՝ բոլորդ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում: Ու՞մ է հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե որևէ բան չի նշանակում: Մենք մինչև հիմա չգիտենք պրոբլեմը։ Մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են 0 դասարանում: …Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն՝ իրենք ինչով են զբաղված:

…Այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք: Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիքի հետևից գնա: Սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն է: Ու մեր, մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը՝ առավել ևս…»:

Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը յուրօրինակ խոստովանություն է անում՝ իր և իր գլխավորած կառավարության, իշխանության տգիտության, անգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու, ըստ այնմ, անպիտանության մասին:

Նույնիսկ կարող է թվալ, որ Փաշինյանը վերջապես համաձայնում է հասարակության մեծ մասի հետ առ այն, որ ինքն ու իր թիմը, իր կառավարությունը, այսպես ասենք, անձեռնահաս են: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Փաշինյանի խոսքն այդքան էլ պրիմիտիվ չէ, քանի որ այն որոշակի տողատակեր ունի:

Առաջինը. ակնհայտ է, որ նույն Փաշինյանն, այսօրինակ հայտարարություններ անելով, ուզում է, որ հետագայում իր իշխանավարման դառնագույն հետևանքները վերագրվեն տգիտությանը, անփորձությանը, չաշխատելուն, չաճելուն, կադրերի պակասին:

Նրա թիրախն ապագան է: Այսինքն՝ այն, որ հետագայում, երբ մարդիկ վերջնականորեն սթափվեն ու պատասխան պահանջեն, նա այդ ամենի համար պատասխանատվությունը վերահասցեագրի նույն այդ մարդկանց: Այսօրվա նման խոսույթով Փաշինյանը առնվազն հանրային ընկալման տիրույթում ցանկանում է ապահովագրվել իր գործած ավերների, իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից:

Այսինքն, հեռահար նպատակն այն է, որ ամեն ինչ վերագրվի տգիտությանն ու անփորձությանը, ընդ որում՝ իր թիմի, նաև ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես դասականը կասեր, «ազգակործան պատուհասությանը»:

Կարծես հեռու չէ այն օրը, երբ նա կարող է հայտարարել, թե՝ լավ, մենք բան չէինք հասկանում, բա դուք էլ բան չէիք հասկանո՞ւմ, որ մեզ ընտրեցիք… Ըստ որում, մեր այդ դիտարկման ամենից վատ կողմն այն է, որ դա ամենևին կատակ չէ:

Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:

Ի՞նչ է ստացվում Փաշինյանի շարունակական քարոզներից, ինչպիսի՞ պատկեր է հյուսվում: Իսկ հյուսվում է այնպիսի պատկեր, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը աշխատել չի սիրում, լոդր է, այսպես ասած, «քցող», անպատասխանատու, անկիրթ է ու սովորել չի սիրում, կռվել չգիտե ու չի կարողանում, թուլամորթ է, հող մշակել ու անասնապահությամբ զբաղվել անգամ չգիտեն, մեքենա վարել չեն կարողանում, «պռավաներն» էլ համատարած կեղծ են…

Հա, կադրեր էլ չկան: Դեհ, այդ ամենի պայմաններում, ախր, ի՜նչ անի «խեղճ Փաշինյանը», առավել ևս, որ ինքն էլ, իր գլխավորած կառավարությունն էլ 7 տարի շարունակ դոփում են տեղում, չեն աճում՝ մնալով, համապատասխանաբար, 1-ին և 0 դասարաններում:

Մարդ տրամադրություն ունենար և առանց հույզերի ամփոփեր Փաշինյանի «տգետիզմի» հիմունքները, պարզեր Փաշինյանի «պատուհասության կետը», համեմատեր, թե դրանցից որ մեկն է ավելի «զրո»… Կամ որ մեկն է նրա համար ավելի «նախընտրելի»… Բայց Փաշինյանը, կարծում ենք, էլի ու էլի է նման «էքսցենտրիկ» հայտարարություններ անելու: Ու այնպիսի ձայներանգով, որ, ինչպես վերջին նիստի ժամանակ եղավ, նրա թիկնազորքի գլխավորներից մեկը դրսից դուռը կիսաբաց անի՝ տեսնելու համար, թե ներսում այդ ի՞նչ կռիվ-ղալմաղալ է, հո պատահաբար շեֆը իրենց կարիքը չունի՞:

Մյուս կողմից՝ առիթ ունեցել ենք նշելու, որ Փաշինյանի ընկալման տեսանկյունից իր՝ «օրվա թեմա» լինելը կենսական անհրաժեշտություն է: Նա ամեն գնով պիտի լինի բոլոր լրահոսերի «առաջին էջերում»: Հակառակը, ավելի ստույգ՝ լրահոսային անէությունը նրա համար նշանակում է քաղաքական ու անձնական կրախ: Եվ նա նաև նման խնդիր է փորձում լուծել իր այդօրինակ հայտարարություններով:

Ի վերջո, կարծում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքն ու իր կառավարությունը, ամբողջ ՔՊ-ն այլևս հետաքրքիր չեն հասարակության մեծ մասին: Նրանցից մարդիկ այլևս ոչ մի լավ բան չեն սպասում, ավելին՝ արդեն շատերն են հասկացել, որ Փաշինյանն ու իր իշխանությունը քաղաքականապես սնանկ են, նրանք ժողովրդին ոչինչ չունեն առաջարկելու, բացի նոր հարկերից, նոր տուգանքներից, ոստիկանական մահակներից, նոր հանձնումներից ու այլևայլ բացասական բաներից: Ու, թերևս, նաև այդ պատճառով է Փաշինյանն ավելի ու ավելի հաճախ «թատրոն տալիս»:

Ամփոփենք Փաշինյանի նույն ելույթից ևս մեկ մեջբերմամբ: «Հերիք է մենք մեզ խաբենք»,-ասաց Փաշինյանը: Գիտե՞ք, դժվար է չհամաձայնել: Մնում է հավելել՝ շա՜տ վաղուց է «հերիք»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի`Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն...