Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:






