ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից ոմանք և որոշ պատգամավորներ կգործուղվեն տարբեր երկրներ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ԱԺ-ից։
«Կրոնների և պառլամենտարիզմի երկխոսության վերաբերյալ Միջխորհրդարանական միության կոմյունիկեների իրականացման ուղիները» խորագրով համաժողովի նիստի աշխատանքներին, ինչպես նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում նախանշված ուխտագնացությանը մասնակցելու համար 2026 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը՝ Կահիրե, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 15-18-ը Լուքսոր (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) է գործուղվելու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Գործուղում ունի նաև Սարգիս Խանդանյանը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը «Եվրոպայի արևելյան թևի անվտանգության ապահովում․ զսպման, պաշտպանական կարողությունների և ռազմավարական դիմակայունության ամրապնդում» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար 2026 թվականի սեպտեմբերի 17-19-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։ Մեկ այլ գործուղում էլ նա ունի դեկտեմբերին։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի 33-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի դեկտեմբերի 1-5-ը Լուգանո (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Արևելյան գործընկերության գենդերային հավասարության աշխատանքային խմբի» 6-րդ հանդիպմանը կմասնակցի ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Նա 2026 թվականի սեպտեմբերի 27-30-ը Ստոկհոլմոըմ կլինի (Շվեդիայի Թագավորություն)։






