«Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել, գրում է Factor TV-ն։
Գերատեսչությունից հայտել են, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները։
«Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում»,- նշել են ՆԳՆ-ից, բայց շեշտել են, որ կարմիր բերետավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել:
«Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել»,- նշված է պատասխանում։