Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

19 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օր օրի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են «ժողովրդավարությունից», «ազատ ընտրություններից» և «օրինականությունից», իրականությունն ավելի ու ավելի հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։

Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին իրավական լրջագույն հարցեր է առաջացնում։ Խոսքը ընտրական գործընթացների վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման և քաղաքացիների ազատ կամարտահայտման սահմանափակման մասին է։Սակայն ամենազարմանալին ոչ թե հենց երևույթն է, այլ դրան հաջորդած լռությունը։ Որևէ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Դե, առնվազն երեկվա դրությամբ չկար: Չկա պաշտոնական պարզաբանում։ Չկա իրավապահ մարմինների օպերատիվ արձագանք։ Չկան խուզարկություններ, ցուցադրական բերման ենթարկումներ, անհապաղ հարցաքննություններ կամ կալանքի միջնորդություններ, ինչպես արվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Չկա նույնիսկ սովորական այն ակտիվությունը, որը հանրությունը բազմիցս տեսել է ընդդիմադիր գործիչների կամ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների դեպքում։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանում օրենքը գործում է բոլորի համար հավասար։ Հասկանալի է, չէ, որ նույն իրավիճակում, եթե խոսքը վերաբերեր որևէ ընդդիմադիր ուժի, հատկապես ընտրություններին մասնակցող իշխանության հիմնական մրցակիցներին, ապա պետական ամբողջ մեքենան արդեն գործի մեջ կլիներ։ Քարոզչական ալիքները կհայտարարեին «հանցավոր ցանցի բացահայտման» մասին, իրավապահները շտապ հայտարարություններ կանեին, իսկ իշխանական սատելիտներն ու մեդիաները ժամերով կքննարկեին հերթական «սենսացիոն բացահայտումը»։

Հայաստանի հասարակությունն արդեն տեսել է, թե ինչպես են մի քանի ժամվա ընթացքում նախաձեռնվում քրեական վարույթներ, տեղեկատվական արշավներ և քաղաքական պիտակավորումներ կազմակերպվում, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Այդ ֆոնին ներկայիս լռությունը պարզապես տարօրինակ չէ։ Այն քաղաքականապես չափազանց խոսուն է։

Այս ամենը հատկապես վտանգավոր է ընտրություններից առաջ, որովհետև ձևավորում է մեկ պարզ ընկալում՝ Հայաստանում գոյություն ունի ոչ թե հավասար մրցակցություն, այլ իշխանության համար հատուկ իրավական ռեժիմ։ Մի համակարգ, որտեղ նույն գործողությունը կարող է մի դեպքում համարվել ծանր հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ պարզապես անտեսվել։ Նույնը վերաբերում է նաև այլ օրինակների, ի մասնավորի՝ երբ իշխանական ուժի պաստառը պոկելու համար մարդուն բերման են ենթարկում, ապա ինքնասպանության հասցնում, իսկ ընդդիմադիրների պաստառները պոկելու մասին բազմաթիվ տեղեկությունները մնում են անարձագանք:

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև ավելի գլոբալ՝ պետականության խնդիր է։ Երբ քաղաքացին ոչ թե վստահում է օրենքին, այլ այդ պահին կշեռքի նժարների ծանրությանը, այն է՝ ով է իշխանության կողմում, ով՝ ընդդիմադիր դաշտում, քայքայվում է արդարության ամբողջ համակարգը։ Իսկ ամենացավալին այն է, որ իշխանությունը, որը իշխանության է եկել «արդարության վերականգնման» կարգախոսներով, այսօր ավելի ու ավելի հաճախ նույնացվում է ընտրովի արդարադատության, վարչական ճնշումների և քաղաքական երկակի ստանդարտների հետ։

Եթե ընտրություններից առաջ հրապարակված նման աղմկահարույց նյութը չի առաջացնում իրավական հետևանք, ապա հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչպե՞ս են պատկերացնում ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրությունները։ Ի վերջո, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանության ելույթներով, այլ նրանով, որ օրենքը պետք է կիրառվի հավասարապես, առաջին հերթին՝ հենց իշխանության նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...