Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։
Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն, ինչից հետո դպրոցը շտապօգնություն է կանչել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։
«Երեխաների վիճակը նույնն է, ինչ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նրանք իրենց շատ լավ են զգում, արտառոց ոչ մի բան չկա։ Շտապօգնության ահազանգից հետո ես առաջին րոպեներից եղել եմ տեղում։ Շոգի պատճառով երեխաների մոտ շնչառական քաղց է առաջացել, ինչը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ոչ մի լուրջ բան չի եղել։ Մեր բնակավայրի բուժաշխատողներն առաջինն են օգնություն ցուցաբերել, և մինչև շտապօգնության մեքենայի մոտենալն ամեն ինչ արդեն կարգին է եղել։ Փառք Աստծո, լուրջ ոչինչ չկա։ Եթե համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրինությունն ու նախարարությունն ասում են, որ ամեն ինչ լավ է, ուրեմն դա հստակ է ու ճիշտ»,- նշել է Վարդանյանը։
Վարչական ղեկավարը նաև հավելել է, որ դպրոցում խմելու ջրի կամ ճաշարանի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ կրթօջախը նորակառույց է։
«Դպրոցը նոր վերակառուցված է, ուստի որևէ խնդիր միանշանակ չի կարող լինել։ Սա նախադեպը չունեցող, իդեալական դպրոց է»,- եզրափակել է նա։






