«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։
Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական հարցադրումների քննությանը, իսկ մեղադրանքի և կալանավորման ամբողջ տրամաբանությունը ակնհայտորեն համընկնում է իշխանության քաղաքական շահերի հետ, սա արդեն միայն իրավական գործընթաց չէ։
Սա քաղաքական հետապնդում է։
Ռոբերտ Քոչարյանին մեկուսացնելու նպատակը միայն մեկ մարդու դեմ պայքարը չէ։ Խնդիրը ընդդիմության առաջնորդին քաղաքական դաշտից հեռացնելն է՝ հատկապես այն պահին, երբ իշխանությունը կանգնած է նոր ու շատ ավելի ծանր մարտահրավերների առաջ։
Իսկ ամենավտանգավորը հենց սա է։
Իշխանությունը փորձում է հասարակությանը զբաղեցնել Քոչարյանի դեմ քրեական գործերով, մինչդեռ երկրի առջև կուտակվում են այնպիսի խնդիրներ, որոնց հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան այսօրվա քաղաքական օրակարգը։
Քաղաքական հակառակորդին բանտարկելով հնարավոր է ժամանակ շահել, բայց հնարավոր չէ վերացնել այն խնդիրները, որոնք երկիրը տանում են դեպի նոր ճգնաժամ։
Եվ եթե վաղը մեզ սպասվում է հերթական աղետը, պետք է հիշենք՝ այդ պահին իշխանությունը ոչ թե լուծում էր խնդիրը, այլ փորձում էր մեզ ստիպել չնայել դրա կողմը։
Քոչարյանի քաղաքական հետապնդումը հենց այդ մեծ քաղաքական շեղման մի մասն է։
Ու որքան էլ փորձեն այն ներկայացնել որպես սովորական քրեական գործընթաց, հասարակությունը պետք է մեկ հարց տա.
Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով։





