ՀՀ դատախազության կողմից հրապարակայնորեն թիրախավորվել են մայր ու դուստր. նրանք հերքում են պահանջում

21 Ապրիլի, 2026

Երևանում մայր ու դուստր քաղաքացիական հայց են ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ դատախազության։ Նրանք պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տվյալները և հատուցել պատճառված ոչ նյութական վնասը։

Հայցի պատճառ է դարձել դատախազության՝ ամիսներ առաջ տարածած հաղորդագրությունը, որում, դստեր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու փաստին զուգահեռ, դատախազության կողմից հրապարակայնորեն թիրախավորվել են մայր ու դուստր։

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի տվյալները։

Նշենք, որ դեռևս այս տարվա հունվարի 29-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2026 թվականի հունվարի 12-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին)։ Սակայն հաղորդագրությունում նշված է, որ հունվարի 23-ին Պողոսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ստացվել է մեկ այլ քաղաքացու՝ Ս.Կ.-ի դիմումն այն մասին, որ շուրջ 5 տարի առաջ Աննա Պողոսյանին օգնելու նպատակով առձեռն փոխանցել է 20.000 ԱՄՆ դոլար՝ բանավոր պայմանավորվածություն ունենալով, որ գումարը կվերադարձնի. առ այսօր գումարը չի վերադարձվել։ Հաղորդման հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն)։ Հաշվի առնելով նույն անձի վերաբերյալ նույնանման եղանակով գրեթե նույն ժամանակահատվածում կատարված առերևույթ խարդախության կրկնվող դեպքի առկայությունը՝ դատախազությունը հորդորել էր Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին։

Իսկ արդեն 2026 թվականի փետրվարի 25-ին Աննա Պողոսյանը և Աիդա Գաբրիելյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ դատախազության՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ դատախազությանը ՀՀ դատախազության համացանցային կայքում հրապարակայնորեն հերքել Աննա Պողոսյանի և Աիդա Գաբրիելյանի կողմից նախնական համաձայնության գալով Ջ.Խ.-ից հափշտակություն կատարելու նպատակադրության և Ջ.Խ.-ից հափշտակություն կատարելու մասին զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ՀՀ դատախազությունից հօգուտ Աննա  Պողոսյանի և Աիդա Գաբրիելյանի՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձել 1 մլն ՀՀ դրամի չափով գումար։

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, համարել է, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժել, քանի որ զրպարտության կամ վիրավորանքի գործերով որպես վնաս պատճառող սուբյեկտ կարող է հանդես գալ ոչ թե պետական մարմինը, այլ մասնավոր անձը։ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը չի կարող իրավահավասար հարաբերությունների մեջ գտնվել մասնավոր անձանց հետ և սույն գործի շրջանակներում մյուս կողմի հետ հանդես գալ հավասար կերպով։ Այսպիսով ստացվում է, որ քաղաքացին, նախ պետք է պարզի այդ հաղորդագրությունը գրած անձանց ինքնությունը (օրինակ՝ գլխավոր դատախազ, վերահսկող դատախազ, հանրային կապերի պատասխանատու կամ այլ պաշտոնատար անձինք), որպեսզի կոնկրետ անձի դեմ հայց ներկայացնի:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։ Իսկ քրեական դատավարության օրենսգրքում հստակ ամրագրված է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ դատախազությունը նման հաղորդագրությամբ հանրության շրջանում ձևավորել է անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ կարծիք՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, համաձայն որի՝ քրեական վարույթի շրջանակում մեղավորությունն ապացուցելու անհնարինության պարագայում իրավապահ մարմինը հրապարակայնորեն թիրախավորում է անձին՝ նրա պատիվն ու արժանապատվությունը դարձնելով հանրային կասկածի ու թիրախավորման առարկա։

Հետաքրքիր է, որ եթե օրինակ դատախազության հաղորդագրությունից հետո խարդախության նոր «զոհեր» չհայտնաբերվեն և Անուշ Պողոսյանին վերագրվող երկրորդ հանցանքն էլ չապացուցվի, դատախազղությունը արդյոք նոր հաղորդագրություն կտարա՞ծի այն մասին, որ հրապարակայնորեն ոտնահարել է անձի արժանապատվությունը, թե՞ հերթական անգամ կապավինի հանրության՝ «կարճ հիշողությանը» :

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...