Ապրիլի 23-ին ժամը 15։00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։
«Իր ծավալով, բնույթով ու ներկայացված նյութերի խորացությամբ այս ցուցադրությունը եզակի է լինելու։ Մեր առջև խնդիր էր դրված ներկայացնել այնպիսի ցուցադրություն, որը տարբերվի նախորդներից։ Ցուցադրության շրջանակում անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներին, միսիոներներին, լրագրողներին, որոնք հենց Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրանք իրենց հրապարակումների, նամակների, լրագրողական հետաքննությունների, լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նշված նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այդ մարդկանց կիրառած բառամթերքը խոսում է հենց ազգի բնաջնջման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։