Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։
Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։






