Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, թույլ չպիտի տանք, որ եղբայրատյացությունը գերակայի․ Գարեգին Երկրորդ

29 Հուլիսի, 2025

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։

Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքները բերեց հայորդիներին՝ գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։

«Խիստ կարևոր է երիտասարդներիդ մասնակցությունը նման վարժանքներին ու մրցույթներին, որոնք միջոց են զորանալու մարմնով և հետևողական աշխատանքով, տոկունությամբ ու ոգու ամրությամբ արձանագրելու ապագա հաղթանակներ։

Վարժանքներն ու մրցույթները միջոց են նաև զորանալու հոգով՝ Աստծուն ապավինած դիմակայելու բոլոր փորձություններին ու դժվարություններին և աննկուն ընթանալու դեպի հաղթություն։

Ուստի, պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները իրենց նշանակությամբ և առաքելությամբ ավելին են, քան սոսկ մարզական մրցույթներ»,- նշեց Հայոց Հայրապետը։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու խնդիրներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արցախյան պատերազմի հետևանքով հայրենի երկիրը տակավին դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են և խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները։

«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, և համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել և հիասթափություն ապրել։ Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի։

Նաև դուք առաքելություն ունեք ազգային միաբանությունն ամրապնդելու, Հայաստան-Սփյուռք կապերն անսասան պահպանելու և նորովի արդյունավորելու։ Այս հանձնառության բարեհաջող իրագործման համար առանձնակի կարևոր են ձեր հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց պետականության ամրապնդման կամքն ու վճռականությունը և դարերով նվիրագործված մեր արժեհամակարգի անխաթար պահպանումը։ Դուք ապագան եք մեր հայրենիքի ու ազգի և երաշխիքը հայոց հարատևության, համընդհանուր մեր իղձերի ու երազանքների իրականացման։

Ձեր այցը հայրենիք կարևոր քաջալերանք է հայրենաբնակ մեր ժողովրդի, ձեզ հասակակից ձեր քույրերի ու եղբայրների համար», – ասաց Հայոց Հովվապետը՝ հորդորելով երիտասարդ սկաուտներին իրենց հոգում մշտավառ պահել հայրենյաց սերը, ուժ առնել հարազատ հողից և բազմադարյա սրբություններից ու ներշնչվել մեր հայրերի հավատաշեն գործերից, հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, զորացնել իրենց սրտերում որդիական նվիրումն առ հայրենին, Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Իր խոսքում Նորին Սրբությունը պատգամեց ուխատվորներին նաև անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ և հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։

«Միշտ արիասիրտ կանգնեք ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների և նրա արդար դատի։ Հայաստանում ձեր մեկտեղումի այս նշանակալի և անմոռանալի օրերը թող դառնան առիթ ոգեշնչումի ու հանձնառության՝ ձեր գիտելիքներով ու շնորհներով բոլորանվեր օգտակար ծառայություն բերելու ազգային կյանքում և նորանոր հաջողություններ արձանագրելու՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի», – հորդորեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ իր գնահատանքը բերելով մարզախաղերի կազմակերպիչներին և բոլոր պատասխանատուներին իրենց նվիրյալ և ազգօգուտ ծառայության համար:

Վերջում Նորին Սրբությունը հայցեց Երկնավոր Տիրոջը, որպեսզի հայորդիները ապրեն առողջ ու երջանիկ, լինեն արժանավոր զավակները մեր հայրերի և իրագործեն նրանց նվիրական տեսիլքներն ու երազանքները։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...