Գերագույն հոգևոր խորհուրդի քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին

15 Մարտի, 2025

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Զեկույցի ավարտին քննարկվեցին և որոշումներ կայացվեցին թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի նախապատրաստման և կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ներկայացնելու համար համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ տրվեցին նախապատրաստել զեկույցներ Եկեղեցու առաքելության կարևորագույն այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպման, հոգևորականաց պատրաստության, կրթադաստիարակչական գործունեության, սոցիալական ծառայության, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերների, Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության և Եկեղեցու նյութական ու տնտեսական ոլորտներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։ Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերների մասին զեկուցեց քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով ազգային շահերով առաջնորդվելու և տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը։

Մտահոգությամբ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ ԳՀԽ-ի անդամները շեշտեցին Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունն ի նպաստ առկա հիմնախնդիրների հաղթահարման համազգային միաբանության ու համերաշխության ամրապնդման,  Հայաստան-Սփյուռք գործակցության և համահայկական ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ։

Առանձին զեկույց ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրների մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ժամանակագրական-համեմատական համատեքստում ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը, բնակչության բնական աճի և միգրացիայի վիճակագրությունն անկախության տարիներին։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների փաստը։ Ընդգծվեց նաև այս ոլորտում Եկեղեցու կարևոր դերակատարությունը, որպեսզի հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում առավել մեծ ջանքեր ներդրվեն` զորացնելու համար հայ ընտանիքները և խրախուսելու որդեծնությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության, կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական ուղենիշների լրամշակման, արձանագրված արդյունքների ու կատարելագործման մասին զեկույցներով հանդես եկան  Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, «Գարեգին Ա» կրթական կենտրօնի տնօրեն  Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳՀՃ ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը։ Տեղեկացվեց, որ 2023 թվականից առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 354 եկեղեցական։

ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում եռաստիճան կրթական համակարգի ամբողջական ներդրման և ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ կրթության ապահովման առնչությամբ:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ Մարգարյանը ժողովականներին ներկայացրեցին Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման աշխատանքների ընթացքը։ Հիշյալ նախաձեռնության նպատակն է ներդնել ժամանակակից պահանջներին համապատասխան միասնական հոգևոր-կրթական ծրագիր՝ կրակնօրյա դպրոցներում երեխաների հոգևոր, ազգային կրթությունն ու դաստիարակությունն ապահովելու համար։

ԳՀԽ խիստ կենսական ու առաջնահերթ համարեց մատաղ սերնդի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորմանն ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված այս նախաձեռնությունը՝ թելադրելով շարունակել ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքները։

Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ մասնավորաբար տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսեն գործել Մայր Տաճարի թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը և նորակառույց Մոմավառության սրահը։ Ընթացքի մեջ են Գևորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի ննջարանային մասնաշենքի նորոգության ու բարենորոգչական այլ աշխատանքերը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերի վերաբերյալ ժողովականներին իրազեկումներ կատարեց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ անդրադարձ կատարելով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի, Պատրիարքության կալվածքների նկատմամբ ներկայացված գույքահարկի հարցերին և այդ ուղղությամբ իրականացված քայլերին։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ կարևորելով հիշյալ խնդիրների արդար հանգուցալուծումը և այդ ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ժողովականներին համապարփակ տեղեկություններ փոխանցեց Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի քաղաքական համակարգում շարունակվող փոփոխությունների, ինչպես նաև առկա անվտանգային, տնտեսական խնդիրների և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։

Մասնավորաբար տեղեկացվեց, որ հաշվետու տարում Հայ Եկեղեցու կառույցներում ու թեմերում շարունակվել են իրականացվել հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային, բարեսիրական բազմաբնույթ ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց 2024 թ․ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին՝ ուղղված սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։

Ընդհանուր առմամբ՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից հատկացվել է 1,551,115 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար հարյուր տասնհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (608,037,073 ՀՀ դրամ) օժանդակություն։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։

Ժողովն ավարտվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Նմանատիպ նյութեր

Փողոցային պայքար լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

  «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած։ Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք...

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները ճանաչվում են փոխադարձաբար․ ՆԳՆ

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները ճանաչվում են փոխադարձաբար․ ՆԳՆ

Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական...

Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ

Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը փորձենք խորհրդանշել որևէ կենդանով, ապա ամենապատկերավոր համեմատությունը, թերևս, կապիկն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նման է...

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության...

Այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ դատարանի բակում

  «Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է։ Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ...