Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. «Հետք»

24 Նոյեմբերի, 2025

2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում թթվասերը թանկացել է 5.6%-ով, կաթնաշոռը՝ 5.2%-ով, մածունը՝ 4.8%-ով, կաթը՝ 4%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ Գրում է «Հետք»-ը

Կաթնամթերքի գները կտրուկ բարձրացել են հոկտեմբերին։ Մինչդեռ նախորդ ամիսներին 12-ամսյա գնաճը բավականին ցածր է եղել, անգամ գնանկումներ են գրանցվել։ Իսկ հոկտեմբերի գնաճն անզեն աչքով էլ ակնհայտ էր։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կաթնամթերքի առանձին տեսակներ մինչև 5%-ով թանկացել են։

  • Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար

Թե ինչու կաթնամթերք արտադրողները մի քանի օրում միաբերան կտրուկ բարձրացրին գները, այդպես էլ ո՛չ արտադրողների, ո՛չ էլ պատկան մարմինների կողմից բացատրություններ դեռևս չկան։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կասկած էր հայտնել, որ արտադրողներն իրար հետևելով, առանց տնտեսական հիմնավորման, բարձրացրել են գները։ Այս դեպքում մրցում են ոչ թե ցածր գին սահմանելով, այլ հակառակը՝ բարձր գներով։

Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Առաջին հիմնավորումն այն է, որ դա չէր կարող այնքան մեծ ծախսեր առաջացնել տնտեսվարողների համար, որ օրինակ թթվասերը մեկ օրում 50-60 դրամով թանկանար։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաուսումնասիրում է կաթնամթերքի գների բարձրացման թեման։ Թե դա կոնկրետ ինչ է ենթադրում և ինչ քայլեր են արվում, հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա կարող է խանգարել նախաուսումնասիրությանը։

Թե երբ կորոշվի՝ կա՞ն այստեղ հիմքեր վարույթ հարուցելու, առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում, որ դա ամիսներ տևի։

Սննդամթերքի առանձին տեսակներ երկնիշ թվով են թանկացել

2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 3.7% գնաճ է գրանցվել։

Առանձին ապրանքախմբեր ավելի մեծ տեմպով են թանկացել։ Մասնավորապես, սննդամթերքը՝ 5.2%-ով։ Քանի որ ապրանքների գներն ունեն սեզանայնություն, հետևաբար՝ հաճախ ավելի նպատակահարմար է նշված ամսվա գները համեմատել նախորդ տարվա նույն ամսվա հետ։

Հայաստանցիների ծախսերում սննդամթերքն էական կշիռ ունի։ Հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում, որտեղ տարատեսակ ծառայությունները մեծ կշիռ չունեն, սննդի գնային տատանումները էական ազդեցություն են թողնում։

Օրինակ՝ կաթնամթերքի թանկացման պատճառով, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, քաղաքացիների սպառողական զամբյուղում կաթնամթերքի կշիռն աստիճանաբար նվազելու է։

Վիճակագրական կոմիտեի վերջին հաշվարկներով՝ միջինում Հայաստանում տնային տնտեսությունների ծախսերի մոտ 43%-ը բաժին է ընկնում սննդամթերքին։

Վերևում գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք Վիճակագրական կոմիտեի առանձնացրած ապրանքները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը գնաճի վրա։ Ինչպես երևում է, երկնիշ տեմպով թանկացել են ձեթը, ձուկը, սուրճը, կարագը, շոկոլադը, միսը և այլն։

Նույն ընթացքում քիչ ապրանքներ են էժանացել, ինչպես շաքարը։

Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով։

Թանկացել են նաև ծառայությունները։ Ընդհանուր առմամբ, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում հոկտեմբերին սակագներն աճել են 2.9%-ով։

Որոշ չափով նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները։ Այս հոկտեմբերին, 12-ամսյա համեմատությամբ, բենզինն էժանացել է 1.5%-ով, դիզելային վառելիքը՝ 0.6%-ով։ Տարեսկզբի համեմատ վառելիքի գները էապես չեն փոխվել։

Գնաճը ԿԲ-ին դեռևս չի ստիպում փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը, որն ամրագրված է օրենքով։ Ավելի պարզ ասած՝ ԿԲ-ն իր ունեցած գործիքներով պետք է փորձի այնպես ազդել շուկայի վրա, որ ցածր և կայուն գնաճ լինի։ Այսինքն՝ գնաճի որոշակի շեմ «թույլատրելի է» տնտեսության համար։ Այս տարվա պետական բյուջեի մասին օրենքում ամրագրվել է, որ այդ թույլատրելի շեմը 3%-ն է՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում։

ԿԲ-ն առաջին հերթին վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով է ազդում գնաճի վրա, իհարկե՝ որոշակի ժամանակային լագով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին։ Քանի որ գնաճը դեռևս շատ բարձր չէ, ԿԲ-ն ևս չի բարձրացնում տոկոսադրույքները և առայժմ դրանց միջոցով քաղաքացիների ծախսերը խիստ զսպելու անհրաժեշտություն չի տեսնում։

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ-ն որոշում է կայացրել այս տարվա նոյեմբերի 4-ին։ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ որոշվել է  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:  Այս տարվա փետրվարի չորսից հետո հինգ անգամ որոշում է կայացվել այն թողնել անփոփոխ։

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական...

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։ Էլահին հայտարարել է, որ...

Նիկոլի 49%-ի կառուցվածքը՝ կետերով․ բա ո՞ւր են ձայները․ «Կարճ ասած»

Երբ քաղաքական ուժը, չստանալով ընտրություններում իր ուզած արդյունքը, այնուամենայնիվ, նկարում է հաղթանակ և փորձում ղեկավարել երկիրը, հաշվեք անցում ենք կատարում էլ ավելի վտանգավոր ժամանակաշրջան։ Որ այս ընտրությունները եղել են...

Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյան

Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը՝ հասցեագրված Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպաններին, ԵՄ պատվիրակության ղեկավարին. «ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր...

Ավտովթար՝ Չայնիի ոլորաններում, կան վիրավորներ

Ավտովթար՝ Չայնիի ոլորաններում, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...