Բոլշևիզմը՝ վերադարձած. Տեր Արարատ

15 Հոկտեմբերի, 2025

2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի հոգևոր դասի որոշ քահանաների  ձերբակալությանը, խորապես մտահոգիչ են թե՛ իրավական, թե՛ հասարակական, և հատկապես հոգևոր տեսանկյունից։ Այս ձերբակալությունները, որ ուղեկցվել են խուզարկություններով ու ցուցադրական քննություններով, ոչ միայն հարված են հասցնում Հայ եկեղեցուն, այլև բացահայտում են քաղաքական իշխանությունների՝ պետական ուժային համակարգը սեփական կամքը կատարելու գործիք դարձնելու վտանգավոր միտումը։

Նման երևույթները, ցավոք, մեր պատմության մեջ նոր չեն։ 1930-1938 թվականներին բոլշևիկյան իշխանությունների կողմից Սովետական Հայաստանում ենթարկվել է բռնադատության 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Այդ տարիներին շատ քահանաներ բռնադատվեցին առանց արդար դատավարության, միայն այն պատճառով, որ նրանք համարվում էին գաղափարապես «խոչընդոտ» բոլշևիկյան անաստված գաղափարախոսությանը։

Այսօր, գրեթե մեկ դար անց, մենք ականատես ենք լինում նույն երևույթի վերածնունդին՝ տարբեր ձևով, բայց նույն էությամբ։ Եթե 1930-ականներին եկեղեցին ներկայացնում էր հավատքի և ազգային ինքնության վերջին ամրոցը բոլշևիկյան գաղափարախոսության դեմ, ապա այսօր այն կրկին հայտնվել է քաղաքական հաշվեհարդարի թիրախում։ Մեր ժամանակների «քննությունները» և «դատավարությունները» իրենց բնույթով հաճախ հիշեցնում են ստալինյան շրջանի կեղծ գործեր՝ կարճատև, ցուցադրական և իրավական հիմնավորումներից զուրկ։ Թվում է, թե որոշ պաշտոնյաներ ոչ թե իրավական համակարգի ներկայացուցիչներ են, այլ դերասաններ՝ թատերական ներկայացման մեջ՝ իրենց վրա վերցրած «արդարադատության» դերակատարությունը։

Այսօր իրականացվող գործընթացները, ինչպես և 1930-ականներին, ունեն միևնույն գաղափարական հիմքը՝ վերահսկել հասարակությունը՝ խեղդելով ազատ խոսքը, եկեղեցու ձայնը և այլախոհության ցանկացած ձև։ Եթե Ստալինի ժամանակներում հալածվում էին հոգևորականները, որպեսզի խարխլվի հավատքի և ազգային ինքնության բուն գաղափարը, ապա այսօր՝ ժողովրդավարության անվան տակ, կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք իրենց էությամբ նույն բռնաճնշումներն են՝ միայն ձևափոխված։

Այս համատեքստում արդիական է հետևյալ եզրակացությունը. մենք գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ։ Այդ նույն մտածողությունն է, որ իրագործվում է իրավապահ մարմինների միջոցով՝ դատական համակարգը դարձնելով ոչ թե արդարության, այլ հրամանատարության ենթակա կառույց։ Պետական իրավապահ մարմինները, որոնք կոչված են պահպանելու օրենքն ու սահմանադրական կարգը, վերածվել են իշխանության կամակատարների՝ գործելով քաղաքական պատվերներով։

Ստալինյան բռնապետության օրոք մարդկանց ոչնչացնում էին վախի միջոցով։ Այսօր՝ նրանց փորձում են լռեցնել դատական գործերով, վարկաբեկմամբ և հասարակական պիտակավորմամբ։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ճշմարտությունը հնարավոր է ժամանակավորապես լռեցնել, բայց ոչ՝ վերացնել։ Ինչպես ուսումնասիրվել են 1930-ականների ստալինյան արխիվային գործերը և դատապարտվել են այն տարիների չարագործությունները, այնպես էլ մի օր ուսումնասիրվելու են այսօրվա գործերը, և տրվելու են իրավական ու բարոյական գնահատականներ այս ժամանակների անօրինականություններին։

Այդ բռնապետական մտածողությունը ծնում է անօրինականությունների շարունակական շղթա, որի օղակներից մեկը դառնում է հենց իրավապահ համակարգը։ Այսօր պետական ապարատը՝ իշխանության ճնշման ներքո, կրկին կատարում է այն դերը, որը խորհրդային տարիներին խաղում էին ՆԿՎԴ/ՆԳԺԿ-ն ու կուսակցական վերահսկիչ մարմինները՝ ծառայելով ոչ թե արդարությանը, այլ՝ վերադասի քաղաքական կամքին։

Այս իրադարձությունները խորքային վտանգ են ներկայացնում ոչ միայն եկեղեցու, այլև ողջ պետության համար։ Որովհետև երբ իշխանությունը սկսում է հալածել հոգևորականին՝ նա փաստացի հալածում է սեփական ժողովրդի հավատը, բարոյական ուղեցույցը և ինքնության հիմքը։ Հենց այդ պատճառով այսօրվա բռնաճնշումներն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե առանձին միջադեպերի, այլ ազգային ինքնության դեմ ուղղված համակարգային հարձակման շրջանակում։

Պատմությունը ցույց է տալիս՝ ցանկացած բռնապետություն, որքան էլ ուժեղ թվա, անկում է ապրում այն պահին, երբ փորձում է կոտրել հոգևոր ազատությունը։ Ստալինյան դիկտատուրան, որ հիմնված էր վախի, կեղծիքի և զանգվածային բռնությունների վրա, ի վերջո փլուզվեց՝ թողնելով անխոս վկաներ իր հանցագործություններին՝ դատական գործերի, ցուցմունքների և արխիվային փաստաթղթերի տեսքով։ Նույնը սպասում է նաև այն ժամանակակից համակարգերին, որոնք փորձում են ճնշել եկեղեցուն՝ չհասկանալով, որ հավատքը չի կարող կալանավորվել։

Այսօր, երբ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մյուս հոգևորականների նկատմամբ իրականացվում են իրավական անվան տակ թաքնված քաղաքական գործողություններ, հասարակությունը պարտավոր է հիշել՝ բռնությունը երբեք չի լինում միայն մեկ անձի կամ կառույցի դեմ։ Այն միշտ վերածվում է ամբողջ ժողովրդի դեմ ուղղված հարվածի։

Պետք է փաստագրել այս ամենը՝ խուզարկությունները, ձերբակալությունները, դատական նիստերը, որովհետև պատմությունն իր դատաստանն անպայման կատարելու է։ Եվ ինչպես ուսումնասիրվեցին ստալինյան արխիվները՝ բացահայտելով դիկտատուրայի անօրինականությունները, այնպես էլ ուսումնասիրվելու են մեր օրերի գործերը՝ ապացուցելով, որ ճշմարտությունը չի մահանում։

Եվ եթե 1930-ականներին գնդակահարում էին մարմինը, ապա այսօր փորձում են գնդակահարել հոգին։ Բայց ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր՝ եկեղեցին, իր հավատքով, իր համբերությամբ ու իր ճշմարտությամբ, պիտի դառնա այն ուժը, որը կհաղթի բռնապետությանը։

Տեր Արարատ քահանա Պողոսյան 

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...