Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և այդ պահին վթարի վայրով անցնող Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը, ապա ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոց։
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների ժամանումը վիրավորներից 3-ին տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, իսկ վիրավորներից մեկի պարանոցին ֆիքսատոր է ամրացրել, որը նա պահում էր իր ավտոմեքենայում, ապա ժամանած շտապօգնության բժիշկների, քաղաքացիների ու պարեկների հետ վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
«Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ կողաշրջվել է։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։





