Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք կեղծ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասին իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահաբար, ադրբեջանական կողմի նման մարտավարական քայլը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, որն էլ իր հերթին ողջունվել է մի քանի տասնյակ երկրների կողմից՝ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, մինչև Խորվաթիա, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և այլն։ Այս գործընթացը և հատկապես Հայաստանի ջանքերով դրա վրա միջազգային ուշադրության այսաստիճան սևեռումը, կամա թե ակամա, ևս մեկ աստիճանով բարձրացնում է կողմերի միջև ռազմական հակամարտության ակտիվության անհավանականությունը։
Եվ հետևաբար, քանի որ Բաքվի օրակարգում դեռևս շարունակում է մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի գործիքի կիրառումը Հայաստանի հետ չլուծված հարցերում, ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովել՝ ապատեղեկատվության և քարոզչական դաշտում անհրաժեշտ բովանդակություն ապահովելով։
Ի դեպ, սահմանային լարվածության վերաբերյալ Բաքվի ապատեղեկատվությունները հերքող մեկ այլ արդյունավետ մեխանիզմ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս արդենիսկ գործել է՝ հերքելով տարածված կեղծիքը։
Հարկ է հիշեցնել, որ նմանատիպ իրավճակ արձանագրվել է նաև 2024 թ. ապրիլին, երբ դարձյալ Երևանի դիվանագիտական ջանքերի արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներ անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում հաստատված Բաքուն դարձյալ նման նյարդային վարքագիծ էր դրսևորում։