Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ»

23 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայ ժողովրդին ուղղված իր ելույթներում շատ ազատ է մեկնաբանում Հայաստանի տարածքով ադրբեջանցիների անխոչընդոտ անցնելու մասին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։

Այսպես, նա պնդում է, թե Հռչակագիրը երաշխավորում է Հայաստանի իրավազորությունը Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, մինչդեռ փաստաթղթից նման բան չի հետևում։ Այնտեղ օգտագործված է խորամանկ ձևակերպում՝ «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը իսկապես առկա են տեքստում, բայց ոչ այն իմաստով, որ դրանք երաշխավորվում են Հայաստանին, այլ այն իմաստով, որ լավ կլիներ, եթե բոլորը՝ միշտ և ամենուր, հարգեին դրանք։ Փոխարենը Ադրբեջանի և Նախիջևանի ԱՀ-ի միջև անխոչընդոտ կապի մասին նշված է հստակ՝ «նախատեսվում է անխոչընդոտ հաղորդակցություն»։ Իսկ ահա Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել ժողովրդին՝ պնդելով, թե «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային կարգավիճակը փաստաթղթով չի նախատեսվում, և ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Բայց Վաշինգտոնում տեղի ունեցած դիվանագիտական ձախողումը հետաքրքրում է ոչ միայն հայ հասարակությանը, որին իշխանությունները հեշտությամբ հանգստացնում են բացահայտ ստերով և փաստերի խեղաթյուրումով։ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի հարցերը շուտով հնչեցվեցին նաև Հայաստանի հարևանների և գործընկերների կողմից։ Ոչ թե այն երևակայական բարեկամների՝ ԵՄ-ից, որոնք առանց իրավիճակը վերլուծելու Փաշինյանին ողողեցին միանման շնորհավորական հեռագրերով, այլ իրական հարևանների և գործընկերների, որոնք շահերի խորը փոխկապակցության պատճառով իսկապես մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ։ Եվ, ինչպես տեսնում ենք, այդ մտահոգությունը իրենց դեպքում շատ ավելի խորն է, քան Փաշինյանի։

Այսպես, Իրանը կանխատեսելիորեն ցավոտ արձագանքեց Վաշինգտոնյան գագաթաժողովի արդյունքներին։ Ադրբեջանաթուրքական (դեռ մի բան էլ՝ ԱՄՆ-ի հայտարարված մասնակցությամբ) արտատարածքային գոտի՝ փաստացի ռազմական բազա, տեղակայված Իրանի սահմանի երկայնքով: Այ քեզ նվեր հարևանին։

Սակայն Իրանը արագ կողմնորոշվեց և ընտրեց չափազանց խորամանկ ռազմավարություն՝ սկսեց հրապարակային վստահություն հայտնել Փաշինյանի այն խոսքերին, թե ենթադրվող Զանգեզուրի միջանցքը լինելու է ամբողջությամբ հայկական իրավազորության ներքո, լիովին հսկվելու է հայ սահմանապահների և ուժայինների կողմից, որտեղ ադրբեջանցիները անգամ ծպտուն հանելու իրավունք չեն ունենա, իսկ նրանց մեքենաները մանրակրկիտ զննվելու են։ Ու եթե Փաշինյանը, ըստ իր խոսքերի, Ադրբեջանի հետ պայմանավորվել է նման՝ զուտ հայկական միջանցքի շուրջ, Իրանը հայտարարեց, որ այդ դեպքում որևէ մտահոգություն չունի։ Փաշինյանին մնում էր միայն համաձայնել. չէ՞ որ նա չի կարող բացատրություններ տալ, որոնք հակասում են այն պատկերին, որ իշխանությունը «վաճառում» էր ժողովրդին։ Խորամանկ իրանցիներն անմիջապես կազմակերպեցին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց արդյունքում ստիպեցին Փաշինյանին մի քանի անգամ կրկնել միջազգային հանրության համար, որ, իր ընկալմամբ, «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվելու է բացառապես հայերի կողմից։

Դա հուսադրող է հնչում Հայաստանի համար, բայց բոլորովին նման չէ այն համաձայնագրին, որի տակ ստորագրել է Ադրբեջանը։

Այսպիսով, Փաշինյանը հայտնվում է երկու կրակի արանքում, որոնք հերթով կվառեն իրեն երկու կողմից։ Ադրբեջանը պաշտպանելու է իր տեսլականը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ըստ որի՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն մաքսային և սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ» (ադրբեջանական ԶԼՄ-ներ)՝ հղում անելով «հռչակագրի վկա» ԱՄՆ-ի հեղինակությանը։ Իսկ Իրանը մյուս կողմից պահանջելու է, որ Փաշինյանը հավատարիմ մնա վերջին հանդիպումների ժամանակ տված խոստումներին՝ պահպանելով հայկական իրավազորությունը միջանցքի նկատմամբ։

Ինչի կհանգեցնի այս ամենը, հարց է։ Բայց արդեն նկատվել է. այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...