Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 2 դպրոցների տարածքում կեղտաջրերի հոսքը չի դադարում

7 Ապրիլի, 2026

Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ Երևանի խոշոր կրթական օջախներից երկուսի՝ թիվ 181 հիմնական դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի տարածքներում շարունակվում է կեղտաջրերի անարգել հոսքը՝ տարածելով սուր և տհաճ գարշահոտ։ Այս երկու կրթական հաստատություններում միասին սովորում է շուրջ 4000 աշակերտ, որոնք ստիպված են ամեն օր դպրոց հաճախել հակասանիտարական պայմաններում՝ շնչելով կեղտաջրերի հոտը և տեղաշարժվելով աղտոտված տարածքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը մի քանի անգամ փորձել է կարգավորել խնդիրը․ փոխվել են դիտահորեր, տեղադրվել նորերը, իրականացվել են որոշակի աշխատանքներ։ Սակայն, չնայած այդ քայլերին, կեղտաջրերի հոսքը չի դադարել, ավելին՝ իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաներին դպրոցից տուն տանող ծնողները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշում էին․

«Եկան, ինչ-որ աշխատանքներ արեցին, բայց արդյունքը զրոյական է։ Մեր աչքին պարզապես փոշի փչեցին ու հեռացան։ Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, կարծես, այս խնդիրը չի հետաքրքրում։ Թող գոնե մեկ անգամ դուրս գա իր աշխատասենյակից ու տեսնի՝ ինչ պայմաններում են երեխաները դպրոց գնում»։

Ծնողները նաև ընդգծում են, որ գարնանային այս օրերին մարդիկ զրկված են բնական միջավայրում զբոսնելու հնարավորությունից․

«Երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսնելու, բայց տարածքում այնպիսի անտանելի հոտ է, որ անհնար է երկար մնալ։ Դպրոցներում էլ չեն կարողանում պատուհանները բացել, քանի որ գարշահոտը լցվում է դասարաններ»։

Բնակիչները և ծնողները պահանջում են, որպեսզի պատասխանատու կառույցները վերջապես ձեռնարկեն արդյունավետ և վերջնական քայլեր՝ խնդիրը լուծելու համար՝ հաշվի առնելով երեխաների առողջության և բնականոն կրթական գործընթացի ապահովման առաջնահերթությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մոտ մեկ ամիս է՝ Երևան քաղաքի թիվ 181 հիմնական դպրոցի հարևանությամբ կեղտաջրերը դուրս են գալիս և տարածվում ամբողջ դպրոցի բակով՝ հոսելով մինչև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ապա հասնելով Բաբաջանյան փողոց։

Խնդրի մասին բնակիչները բազմիցս տեղեկացրել են թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել։

Մարտի 17-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր չէին ցանկացել տեսախցիկի առաջ խոսել, նշել էին․

«Արդեն մեկ ամիս է՝ ստիպված ենք այս ճանապարհով տեղաշարժվել։ Երեխաները գնում են դպրոց, իսկ մենք ստիպված ենք շնչել այս գարշահոտը։ Այնքան ենք զանգել տարբեր կառույցների, որ արդեն մեր համարներին էլ չեն պատասխանում։ Հատկապես առավոտյան և երեկոյան կեղտաջրերի հոսքը ուժեղանում է, և ընդհանրապես անցնելու տեղ չի լինում»։

Երեխաներն էլ կես կատակ, կես լուրջ ասում էին, թե եթե պատկան մարմինները չեն վերացնում կեղտաջրերը, ապա գուցե պատճառը այն է, որ սա «Թրամփի ուղին» է, որը կապում է երկու դպրոցները։
 

Նմանատիպ նյութեր

Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան

Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը «բոլորին հրավիրում» է Հանրապետության հրապարակում Անկախության տոն նշելու։ Փաստացի, դա այլ բան չէ, քան Անկախության տոնի վերածումը՝ հանրային միջոցներով կուսակցական միջոցառման։ Հանրապետության...

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները. ԿԸՀ

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները. ԿԸՀ

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի...

ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը

ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի...

1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո»

1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո»

ՀՀ Անկախության 35-ամյակի միջոցառումներն այս տարի արժեցել են 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար 500 դրամ կամ շուրջ 3 միլիոն 650 հազար դոլար։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։ Ընկերությունը, որին...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես հայտնում է...