Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

29 Ապրիլի, 2025

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։

Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, և ակնհայտորեն չուզենալով նրա հետ զրուցել՝ վիրավորել էր նրան անպարկեշտ արտահայտությամբ։ Ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտող հայտարարությամբ անդրադարձել ենք այդ միջադեպին, պահանջել քննել պատգամավորի վարքագիծը և գնահատական տալ՝ նախաձեռնելով պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Հռիփսիմե Ջեբեջյանն իր հերթին 161 լրագրողների ստորագրությամբ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին և ԱԺ աշխատակազմին այդ նույն պահանջներով։

Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։

Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։

Համոզված ենք, որ հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։ Մի կողմից քաղաքական գործիչները, այդ թվում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, մյուս կողմից դրան անդրադառնալու համար ակնհայտորեն անհրաժեշտ քայլ չեն ուզում ձեռնարկել և մերժում են էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Իսկ իրավիճակն ԱԺ-ում, մասնավորապես՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը, շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր հիասթափություն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները շարունակաբար խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից, և վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...