Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարանին՝ մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Միլի Մեջլիսին։
«Մենք մերվճռական բողոքն ենք հայտնում 2025 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը և շինծու դատավարությունները» անհիմն, կանխակալ և կանխակալ բանաձևի դեմ»,-ասված է նամակում։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։
Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։ Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։
Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։