Նոր ընդվզում Բրյուսովում. դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց․ «Ժողովուրդ»

27 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։ Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գնա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների շրջանում իրականացվող ստորագրահավաքները կարծես թե նաև ռեկտորի սրտով են, քանի որ դրանք կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել միավորման գործընթացի համար։ Ստացվում է՝ մի կողմից՝ հանրային դաշտում ներկայացվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի, մյուս կողմից՝ բուհի ներսում շարունակվում է դժգոհության ալիքը։

Իրավիճակը հատկապես լարված է դասախոսական կազմի շրջանում։ Մեր տեղեկություններով՝ դասախոսները չգիտեն՝ միավորման դեպքում ինչ է լինելու իրենց աշխատատեղերի, ամբիոնների և մասնագիտական ուղղությունների հետ։ Նրանց մի մասը մտավախություն ունի, որ խոշորացման անվան տակ կարող են կրճատումներ լինել, և տարիներով բուհում աշխատելուց հետո իրենք կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ համալսարանի ներսում կան նաև շրջանակներ, որոնք փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել միավորման ծրագրի իրականացումը կամ առնվազն թույլ չտալ, որ այն արագ ընթացք ստանա։ Բուհում, փաստորեն, սպասում են կառավարության հաջորդ քայլին՝ մտավախություն ունենալով, որ ցանկացած պահի գործընթացը կարող է մտնել գործնական փուլ։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի միավորման հարցը նոր չէ։ Դեռևս 2022 թվականին, երբ կառավարության նախաձեռնությունը դարձավ հանրային քննարկման առարկա, բուհում սկսվեցին բողոքի գործողություններ, դասադուլներ, իսկ ուսանողներն ու դասախոսները հանդես եկան միավորման դեմ։ Այդ ժամանակ ևս ստորագրահավաքներ իրականացվեցին, և բուհական համայնքը պահանջում էր պահպանել համալսարանի ինքնուրույնությունը։ Բողոքի ալիքից հետո գործընթացը ժամանակավորապես առկախվեց։

Սակայն այժմ հարցը կրկին օրակարգում է։ Իշխանությունը շարունակում է խոսել «Ակադեմիական քաղաքի» և բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին, իսկ երեք բուհերի միավորման հեռանկարը շարունակում է անհանգստացնել Բրյուսովի համալսարանի աշխատակիցներին։ Շրջանառվում է նաև գործընթացը մինչև 2027 թվականը կյանքի կոչելու ժամկետը։

Այսպիսով՝ Բրյուսովի համալսարանում կրկին հասունանում է բողոքի նոր ալիք։ Ուսանողները ստորագրահավաքներով փորձում են իրենց անհամաձայնությունը հայտնել, դասախոսները մտահոգված են իրենց աշխատանքային ապագայով, իսկ բուհի ղեկավարության դիրքորոշման շուրջ շարունակում են հակասական տեղեկություններ շրջանառվել։

Հարցը մնում է բաց՝ արդյոք Կառավարությունը հաշվի կառնի՞ բուհական համայնքի դժգոհությունը, թե՞ Բրյուսովի համալսարանի ճակատագիրը կվճռվի առանց նրանց համաձայնության»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։ Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է...

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը...

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում...

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների...

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։ Այս թիվն ուշագրավ է...