ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՆՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի խաղաղարարական և մարդասիրական ջանքերը կենսական նշանակություն ունեցող է գնահատել։
«Նախագահ Թրամփի թիմը շարունակում է կենսական նշանակություն ունեցող խաղաղարարական և մարդասիրական ջանքերը»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Թրամփի երախտագիտության խոսքերը՝ ուղղված կնոջը՝ Մելանյա Թրամփին, Ուկրաինայի հարցով խաղաղարարական ջանքերին աջակցելու համար։
Նոյեմբերի 23-ին Մելանյա Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատանքը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակում նոր խաղաղ պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 20-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հույս էր հայտնել, որ մինչև Սուրբ Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կհաջողվի հրադադարի նոր համաձայնագիր ձեռք բերել։ Նա նաև հաջողված էր անվանել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում իրականացված մարդասիրական գործողությունը։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ Մոսկվան և Կիևը համաձայնության էին եկել այդ քաղաքում հրադադարի հաստատման շուրջ՝ մարդասիրական գործողությունն ապահովելու նպատակով։
Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ սահմանել էին լռության ռեժիմ՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։
Հոկտեմբերի 30-ին տեղի բնակիչներին բաժանվել էր մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն։ Բոլոր ցանկացողներին հնարավորություն էր տրվել անարգել հեռանալ՝ ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։





