Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրը հիշատակելը եղկելի է, դրա մասին խոսելը՝ այն մանրադրամ դարձնել։
Է՞լ ինչն է, ըստ նրա, եղկելի, և ի՞նչը՝ ոչ։ Օրինակ, 12000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Արցախը մաս-մաս հանձնելը, հազարավոր զոհերը, սպանություններն ու բռնի տեղահանումը եղկելի չէ՞։ Դրա մասին խոսե՞լն է եղկելի։
150 հազար արցախցու հայրենազրկելը, նրանց սեփական տներում ապրելու իրավունքից զրկելը եղկելի չէ՞, այդ մարդկանց ճակատագրի մասին բարձրաձայնե՞լն է եղկելի։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերում թողնելը եղկելի չէ՞։ Նրանց ազատ արձակման պահանջ ներկայացնե՞լն է եղկելի։
Արցախի բնակչությանը հողից, հայրենիքից կտրելը եղկելի չէ, վերադարձի իրավունքի մասին խոսե՞լն է եղկելի։
Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան եղկելի չէ, դրա մասին հարցադրում-պաահանջնե՞րն են եղկելի։
Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելը եղկելի չէ, դրա դեմ ընդվզե՞լն է եղկելի։
Փաստորեն, չափանիշներն այսպիսին են. կարելի է հանձնել, կարելի է կորցնել, կարելի է զիջել, կարելի է մարդկանց հայրենիքից զրկել, բայց չի կարելի այդ մասին խոսել։ Որովհետև խոսելը, պահանջելը, ընդվզելը ենթադրում է պատասխանատվություն, իսկ հակառակը՝ մոռաացություն ու ի վերջո՝ պաատասխանատվությունից ու պատժից խուսափում։



