Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։
Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։
Նա նշել է, որ մինչև Նոր տարի արդեն Հայաստանում կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել իրեն փոխարինելու մասին, արդյոք չի՞ արդարացրել իշխանությունների սպասելիքները, Արսենյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, վերադառնում է, իսկ թե ինչու այն չի երկարացվում, առաջարկել է հարցն ուղղել կառավարությանը։
«Այո՛, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Արսենյանը։






