Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

18 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները երեկ ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բավականին հեգնական տոնով քննադատել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։ Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։

Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր.
«…թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը՝ առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։

ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։

Իսկ ՔՊ-ականների մեկ այլ հատվածի գնահատմամբ՝ վարչապետի կնոջ պահվածքը շատ ավելի խորքային դժգոհության արտահայտություն է. ստացվում է, որ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից մեկը հրապարակային կերպով քննադատում է նրա թիմի ներկայացուցիչներին, իսկ որոշ արտահայտություններով՝ նաև իշխանության տարիներով ձևավորված քաղաքական գործելաոճը։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝  18․ 11․ 26թ

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային իրավիճակից։ Նա նաև հայտնել է, որ Չինաստանը հանդես է գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման օգտին։ «Չինաստանը...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան...

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»

Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի...

Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։ Իշխանական շրջանակներում այս պահին ոչ այնքան զայրացած...